ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Դաունթաուն Երևանը» կշարունակի՞ Կոնդի իրացման գործընթացը

Կառավարության որոշմամբ Կոնդի ձեռքբերող ճանաչված «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերությունն այս տարվա ամռանը շահագործման պիտի հանձներ Կոնդի եկեղեցու հարևանությամբ կառուցվող բազմաբնակարան շենքը:
2007թ. «Դաունթաուն Երևան» ընկերությանը հատկացվել է 172.190,64 քմ տարածք Կոնդում։ Որոշ բնակիչների հետ կնքված պայմանագրերի կատարման ժամկետներն արդեն լրացել են, սակայն կառուցված է շենքի մի փոքր հատվածը միայն:
Սեպտեմբերին www.hra.am -ն անդրադարձել է իրացման գոտում հայտնված Կոնդ թաղամասի բնակիչների խնդիրներին:
Ո՛չ կառուցապատող ընկերությունը, ո՛չ էլ Երևանի քաղաքապետարանը սպառիչ պատասխան չեն տալիս, թե ինչո՞ւ է սառեցվել պայմանագրերի կնքման գործընթացը, ինչո՞ւ են դադարեցվել շինարարական աշխատանքները և ե՞րբ կվերսկսվեն ու ե՞րբ է ավարտվելու իրացման գործընթացը:
Մեր ուղարկած հարցումներին «Դաունթաուն Երևան» ընկերությունը և քաղաքապետարանը ըստ հայեցողության են պատասխանել։ Պարզվում է՝ քաղաքապետարանը ընդհանրապես շատ քիչ լիազորություններ ունի, և հիմնական գործընթացը կառուցապատողն իրականացնում է կառավարության հետ, իսկ քաղաքապետարանը ընդամենը լուռ հետևում է և ընթացիկ խնդիրների վերաբերյալ հարցեր չի ուղղում կառուցապատողին։
Մեր այն հարցին, թե ինչու վերջին մեկուկես տարի է չեն շարունակվում բնակիչների հետ պայմանագրերի կնքումը «Դաունթաուն Երևան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Հակոբյանն պատասխանում է. «Ընկերությունը օտարման գործընթացը իրականացնում է փուլ առ փուլ, և դրանով է պայմանավորված վերջին շրջանում օտարման բանակցությունների պասիվությունը»։
Իսկ ինչ վերաբերում է ընկերության և բնակչների միջև կնքված պայմանագրերի ժամկետների ուշացմանը, ընկերությունը տեղեկացնում է, որ. «Ընկերությունը պատրաստ է կատարել իր պայմանագրային պարտավորությունները»։ Ըստ պայմանագրի' կետանցի համար յուրաքանչյուր օրվա տույժը կազմում է պայմանագրի արժեքի 0,05 տոկոսը:
Ո՛չ քաղաքապետարանը և ո՛չ էլ կառուցապատող ընկերությունը չեն պատասխանել մեր այն հարցին, թե ե՞րբ է նախանշված իրացման գործընթացի վերջնաժամկետը:
Կոնդի բնակիչ Սոնյա Եղյանը www.hra.am -ին հայտնեց, որ ԾԻԳ-ից իրեն ասել են՝ հոկտեմբերի վերջին տեղի է ունենալու «Դաունթաուն Երևան» ընկերության հիմնադիրների նիստ: «Ինձ ասացին, որ նիստից հետո պարզ կդառնա՝ ով է շարունակելու շինարարությունը»,- ասաց Եղյանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
