ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
116՝ արագ արձագանքման հեռախոսահամար

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը 9 հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ նոյեմբերի 1-ից վերաբացում է իր արագ արաձագանքման ծառայությունը 116 համարով գործող շուրջօրյա անվճար թեժ գծի միջոցով:
Այն գործելու է ամեն օր, օրը 24 ժամ և անվճար է Հայաստանի տարածքում ցանկացած տիպի հեռախոսից զանգահարելու դեպքում:
Առաջիկա երկու ամիսներին արագ արձագանքումն իրականացվելու է հետևյալ եղանակներով՝ անհրաժեշտ իրավական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում այցելություն համապատասխան վայր կամ հաստատություն, որտեղ կա բռնություն կամ բռնության սպառնալիք իսկ առանձին դեպքերում տեղեկատվության փոխանցում պատկան մարմնին կամ տեղեկատվության ճշգրտում:
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ 2012թ. հունվարից արձագանքման ոլորտը կընդլայնվի:
«Պաշտպանը և պաշտպանի ներկայացուցիչն իրավունք ունեն գործել ցանկացած զորամաս, ցանկացած փակ հաստատություն, իսկ հասարակական կազմակերպություններn ունեն հանրային վստահության որոշակի քվոտա: Այսինքն՝ մենք ունենք իշխանություն, ՀԿ-ներն ունեն վստահություն: Համատեղելով այս երկուսը՝ մենք հույս ունենք, որ դուրս կբերենք այն խնդիրները, որոնք թաքնված են և մենք տեղյակ չենք դրանց մասին»,- իր խոսքում նշեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա նաև մեկնաբանեց, թե ինչու իր պաշտոնավարման սկզբում փակեց արագ արձագանքման ծառայությունը, որի համար իրեն շատ քննադատեցի. «Գաղափարը միշտ էլ եղել է շատ լավը՝ ունենալ արագ արձագանքման ծառայություն ՄԻՊ գրասենյակում: Բայց, ցավոք, այդ լավ գաղափարի տակ չկար որևէ ռեսուրս: Ընդամենը մեկ անձ էր աշխատում՝ արագ արձագանքման պատասխանատու և ցերեկային ժամերին իր մի քանի գործընկերների հետ փորձում էին հնարավորինս աջակցել: Եթե պետությունը այն ժամանակ մեզ բյուջե տված լիներ, ես կարիք չէի ունենա փակել ամենակարևոր ծառայությունը»:
Կարեն Անդրեասյանը նաև ընդգծեց, որ բյուջետային որևէ հատկացում չի եղել արագ արձագանքման խումբը վերականգնելու համար: Պաշտպանի խոսքերով՝ «կառավարչական հնարքով» իրենք 4-5 հաստիք են ազատել, և ծառայությունը պետք է գործարկեն ՄԻՊ գրասենյակի և 9 հասարակական կազմակերպությունների ունեցած մարդկային, տեխնիկական և նյութական ռեսուրսներով:
Ինը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք արդեն հուշագիր են ստորագրել ՄԻՊ գրասենյակի հետ, ողջունեցին համագործակցության գաղափարը և հույս հայտնեցին, որ համատեղ ուժերով ավելի մեծ արդյունքի կհասնեն: ՀԿ-ներից որոշներն արդեն ունեն թեժ գծեր, որոնք շարունակելու են գործել և աջակցել 116 արագ արձագանքման ծառայությանը:
«Երբ մենք խոսում ենք բռնությունների մասին Հայաստանում, համենայն դեպս, ես առաջին հերթին հասկանում եմ բանակ և ոստիկանություն: Ոստիկանության հասարակական դիտորդների խումբն ունի մուտք ձերբակալվածներին պահելու վայրերում, սակայն մինչ օրս ոստիկանությանը հաջողվել է հասարակական վերահսկողությունից զերծ պահել ոստիկանական բաժանմունքները, որտեղ էլ հենց տեղի են ունենում խոշտանգումները: Հուսով եմ՝ այս համագործակցությունը վերջապես հնարավորություն կտա այդ վայերում ևս հայտնաբերել և կանխարգելել բռնությունները մեր քաղաքացիների նկատմամբ»,- նշեց ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցության հուշագիր կնքած կազմակերպություններից մեկի՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը:
«Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական ՀԿ նախագահ Վարուժան Սեդրակյանի կարծիքով՝ այս նախաձեռնության հիմնական իմաստը տարբեր ոլորտներում իրավունքների պաշտպանության փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների համագործակցությունն է, ինչը, հուսով է, ավելի մեծ արդյունքների կհանգեցնի:
Արագ արձագանքման գործում ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցում են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Ընդդեմ իրավական կամայականության», «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն», «Մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա», «Սոցիալական արդարություն» ՀԿ–նեը և «Հայաստանի մանկական ասոցիացիա» ԲՀԿ–ն։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
