Զինծառայողների գործերի վերաբերյալ տեղեկանքները ԱԺ-ում դեռ կքննարկվեն

Զոհված ութ զինծառայողների ծնողների և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համատեղ տեղեկանքներին ընթացք տալու համար ԱԺ-ում ձևավորվելու է ոչ ֆորմալ աշխատանքային խումբ:

Խմբում, նախնական տվյալներով, ընդգրկված կլինեն ԱԺ փոխնագահ Սամվել Նիկոյանը, Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Մինչ խմբի ձևավորվելը հոկտեմբերի 26-ին Հրայր Կարապետյանը և Սամվել Նիկոյանն արդեն իրենց տեսակետներն ուղարկել են մի քանի պետական մարմինների:

«Ես և պարոն Նիկոյանը մեր տեսակետ-դիմումներն ուղարկել ենք ՊՆ քննչական վարչություն, ռազմական ոստիկանություն, զինդատախազություն, մի գործով դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, մի գործով էլ՝ առողջապահության նախարարին, որովհետև կար դատաբժշկական փորձաքննության կարիք։ Դիմումներն ուղարկել ենք, կսպասենք պատասխանների»,- www.hra.am -ին ասաց Հրայր Կարապետյանը։

Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ ինքը ստացել է զինծառայողների գործերի վերաբերյալ տեղեկանքները և ուսումնասիրում է դրանք: Նրա խոսքերով՝ ՄԻՊ գրասենյակից իրեն հայտնել են, որ հոկտեմբերի 31-ից հետո նոր կկարողանան զբաղվել աշխատանքային խումբ ստեղծելու հարցերով:

«Ավելի արդյունավետ կլիներ, եթե աշխատանքային խմբի մեջ ներգրավվեին պատգամավորներ տարբեր խմբակցություններից»,-  ասում է պատգամավորը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ԱԺ-ում զինծառայողների ծնողների և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է յուրաքանչյուր գործի վերաբերյալ տեղեկանքներ պատրաստել և ներկայացնել ԱԺ պատգամավորներին: Դրանից հետո ԱԺ հանձնաժողովները գրություն են ներկայացնելու այն մարմիններին, որոնցից սպանված զինվորների ծնողները դժգոհություն ունեն:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am