Չեն հավատում, որ ՀԷԿ-ի շինարարությունը վերջնական կդադարեցվի (վիդեո)

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները «Ռոբշին» ՍՊԸ-ի՝ ՀԷԿ-ի կառուցումը դադարեցնելու մասին երեկվա հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում և պահանջում են պաշտոնական պատասխան:

Նախաձեռնության անդամները և տասնյակ քաղաքացիներ այսօր ՀՀ բնապահպանության շենքի առջև անցկացրեցին ցույց, նրանք շարունակելու են գիշերել-հերթապահել Թռչկան ջրվեժի մոտ տեղակայված վրաններում, մինչև չստանան խնդրի վերջնական և պաշտոնական լուծում:

Հիշեցնենք, որ «Ռոբշին» ՍՊԸ-ին տրվել է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն Հայաստանի  ջրառատ ջրվեժի վրա, անմիջական բացասական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայան կառուցելու համար։

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է իր պահանջները.

«Մենք՝ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից երեկ տարածված հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ խնդիրը ստացել է վերջնական (դրական) լուծում: 

Խնդիրը վերջնական լուծված համարելու համար ՀՀ բնապահպանության նախարարից պահանջում ենք, որպեսզի իր առաջարկությամբ.

1. ՀՀ կառավարությունը ուժը կորցրած ճանաչի հողերի կատեգորիան փոխելու մասին ՀՀ կառավարության կողմից 15/07/2004թ. ընդունված N 1022 որոշումը, որով ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնու գյուղական համայնքի պետական սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության մեկ հեկտար այլ հողեր փոխադրվել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: 

2. Վերականգնվի վերոնշյալ որոշմամբ փոփոխված հողերի կատեգորիայի նախկին կարգավիճակը, և/կամ համապատասխան մասնագիտական և շահագրիռ կողմերի հետ քննարկելուց հետո նշյալ հողատարածքը ամբողջությամբ կամ մասնակի ներառվի բնության ջրագրական հուշարձան համարվող «Թռչկան» ջրվեժին պատկանող պահպանվող գոտում, կատարվի բնության հուշարձանի անձնագրավորում և սահմանվի պահպանության ռեժիմը:

3. Ուժը կորցրած ճանաչվի «ՀՀ Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին 21.06.2010թ. տրված N ԲՓ 58 դրական փորձաքննական եզրակացությունը:

4. Ուժը կորցրած ճանաչվեն ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման համապատասխան թույլտվությունները և ջրօգտագործման իրավունքի գրանցումն ու դրա հիման վրա տրված վկայականը:

5. Անհապաղ դադարեցվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ռոբշին» ՍՊԸ-ին տրված փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման 07/04/2010թ. N 0348 լիցենզիայի գործողությունը:

6. Վերականգնվի տվյալ տարածքում բնությանը հասցված վնասը:

7. Սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկվեն «Թռչկան» ջրվեժի' որպես բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը կազմելու և հաստատելու ուղղությամբ, այդ գործընթացում ներգրավելով նաև շագարգիռ կողմերին, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին:

Մենք հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը, մինչև վերոնշյալ բոլոր պահանջների վերջնական իրականացումը»:

Կարինե Իոնեսյան
Նկարները՝ Գոհար Լալայանի
Աղբյուրը՝ www.hra.am