ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2012-ից ընտանեկան նպաստներն ու կենսաթոշակները կավելանան

2012թ-ին մոտ 10 տոկոսով կավելացվեն ընտանեկան նպաստներն ու կենսաթոշակները: Ընտանեկան նպաստները ամսական 26 հազար դրամից կդառնան 29 հազար դրամ, իսկ կենսթոշակները՝ 28 հազարից կդառնան 31 հազար դրամ:Այս մասին երեկ հայտարարվել է ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2012թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել են 2012 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի ծրագրերը և նախատեսված ծախսերը: 2012 թվականի բյուջեի նախագծով՝ սոցիալական ոլորտի ծախսերը ընդհանուր առմամբ կկազմեն 303,7 մլրդ դրամ, որը 2011 թ. նկատմամբ աճել է 35,3 մլրդ դրամով կամ 13 տոկոսով: Ավելացումները հիմնականում ուղղվել են ընտանեկան նպաստների և կենսաթոշակների բարձրացմանը: ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը լրագրողներին հավաստիացրել է, որ եկող տարվանից կբացառվեն թոշակների ու նպաստների չարաշահումները, քանի որ ներդրվել է սոցիալական ապահովության տվյալների միասնական բազա:
2012 թվականի բյուջեով «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով նախատեսված է մոտ 18,2 մլրդ դրամ, իսկ «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրով՝ 1,3 մլրդ դրամ՝ առանց կենսաթոշակին տրվող հավելումների և թաղման նպաստի: «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրով նախատեսված է մոտ 10,1 մլրդ դրամ:Պահպանվելու է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ամսական չափը՝ 18 000 դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը' 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 50 000 դրամ, իսկ 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում՝ 430 000 դրամ: «Հղիության եւ ծննդաբերության նպաստ» ծրագրով նախատեսվում է 3,1 մլրդ դրամի ծախս:
Աղբյուրը՝ www.hra.am
