ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանը մեկ օրում փոխեց որոշումը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր` նոյեմբերի 8-ին, փոխեց «Հրապարակ» օրաթերթի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը՝ այն փոխարինելով գույքի վրա կալանք դնելու որոշմամբ: Թերթի խմբագրությունը արդեն չի զարմանում լրատվամիջոցի նկատմամաբ կիրառվող աննախադեպ որոշումներից ու դրանց վերանայումներից:
Երեկ՝ նոյեմբերի 7-ին դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել էր թերթի դրամական միջոցների վրա արգելանք դնել, քանի որ փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում դեռևս օգոստոսին տեղադրված հոդվածի տակ երկու ընթերցողների թողած մեկնաբանություններից: Փաստաբանը 18 միլիոն դրամ է պահանջում իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:
Մեկնաբանությունների մեջ քաղաքացիներից մեկը գրել էր, որ Արթուր Գրիգորյանի պատճառով կորցրել է բողոքարկելու իրավունքը' զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով, մեկ այլ քաղաքացի գրել էր, որ փաստաբանը 600 հազար դրամ է վերցրել իրենից և հարցը փորձել է միջնորդություններով լուծել:
Այս մեկնաբանությունները «Հրապարակ» թերթում հայտնվել են միայն այն բանից հետո, երբ փաստաբանը դատական հայց է ներկայացրել: «Հրապարակ» թերթը դատարան է դիմել կալանքի ձևը փոխելու միջնորդությամբ, որը, չնայած հայցվոր կողմի առարկությանը, բավարարվել է դատարանի կողմից՝ թերթի գործունեությունը և ազատ խոսքը չխոչընդոտելու նպատակով:Սա «Հրապարակ»-ի դեմ արդեն հինգերորդ դատական գործն է:
Հիշեցնենք, որ այդ դատերից մեկը մասամբ նման է այս գործին: Սեպտեմբերի սկզբին դատարանը արգելեց «Հրապարակ» թերթին ԴԱՀԿ-ի հետ ունեցած դատական վեճի շրջանակներից բխող հոդվածներ հրապարակել, առանց հստակ նշելու, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում մամուլի ազատության նկատմամբ կիրառվող նման միջամտությունը: Հայցը ներկայացրել էր Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ում կարծիքով «Հրապարակ» օրաթերթում օգոստոսի 11-ին և 12-ին հրապարակված «Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-1» և «Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-2» հոդվածներում 3 անգամ վիրավորել և 9 անգամ զրպարտել էր իրեն։
Նա 3մլն ՀՀ դրամ էր պահանջում այն վիրավորական արտահայտությունների համար, որոնք մեջբերված էին իր աշխատակիցների հրապարակած բաց նամակից:Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, լրատվամիջոցների և ՀԿ-ների բարձրացրած աղմուկից թերթը տուգանքից ազատվեց, փոխարենը պարտավորվեց մեկ ամիս անց հրապարակել մի հոդված, որը նախապես համաձայնեցված կլինի երկու կողմերի հետ:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
