ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռշտունին դեռ մտածում է` դիմե՞լ Եվրոպական դատարան, թե՞ ոչ
Վաղաժամկետ ազատման իրավունք ունեցող Մանուկ Սեմերջյանը սպառել է ՀՀ բոլոր դատական ատյանները՝ ներկայացնելով պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկումը մեկ տարով հետաձգելու որոշման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը մինչև բողոք ներկայացնելը՝ այս տարվա մարտի 10-ի դրությամբ, անազատության մեջ էր 20 տարի 1 ամիս 8 օր։ 20 տարին այն ժամանակն է, որից հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքից օգտվել, եթե նա վերջին հինգ տարիների ընթացքում պատիժը կրել է առանց կարգապահական տույժերի։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը հաշվի չառավ Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունու փաստարկները, որ օրենքով Սեմերջյանն իրավունք ունի օգտվելու պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորությունից, և որ ոչ մի հոգեբանական եզրակացություն չկա, որ Սեմերջյանը վերջին 5 տարիներին այնպես է իրեն պահել, որ այսօր իրական վտանգ է ներկայացնում հասարակության համար։
Ռշտունին նաև ժխտեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի ներկայացուցիչ Գարիկ Տիգրանյանի խոսքը, որ Սեմերջյանի քույրը պատրաստ չէ նրան հետ ընդունել և իր տանը ապրելու թույլտվություն տալ։
Տիգրանյանը նշեց, որ իրենք եզրակացություն են կազմում ոչ միայն վերջին 5 տարիների, այլ՝ ամբողջ 20 տարիների հիման վրա։ Ըստ Տիգրանյանի՝ 1992թ. դատապարտյալի մոտ հայտնաբերել են 10սմ երկարությամբ երկաթ կտրելու սղոց, իսկ 2002թ. նա ծեծել է մի հաշմանդամ ցմահ դատապարտյալի՝ հաշմանդամական ձեռնափայտով։Վերջին հինգ տարիների ընթացքում էլ դանակի շեղբ են գտել մոտը ու մեկ անգամ էլ հեռախոս։
www.hra.am -ի այն հարցին՝ ինչո՞ւ այդ մասին Տիգրանյանը չհիշեց նախորդ դատական նիստի ժամանակ, երբ Սեմերջյանը խնդրում էր բերել մեկ օրինակ, որ ինքն իրեն լավ չի պահել, նա պատասխանեց. «Այդ դատական նիստին ես չուզեցի ուղղակիորեն ասել դա, որ իր մեջ չարթնացնեմ ագրեսիվ վարքագիծ»,- ասում է Տիգրանյանը։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը հաջորդեց Ռշտունու բողոքը Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանը 26.08.2011թ բողոքը վերադարձրել է՝ փաստաբանի կողմից բերված փաստերն անհիմն լինելու պատճառաբանությամբ (որոշման 1-ին էջ, 2-րդ էջ, 3-րդ էջ): Սեմերջյանի ներկայացուցիչ Նարինե Ռշտունին կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, բայց այդ հարցը դեռ քննարկման փուլում է:
Ինչպես www.hra.am -ին հաղորդեց Ռշտունին, դեկտեմբերի սկզբին ավարտվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի կողմից Մանուկ Սեմերջյանի պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը մեկ տարով հետաձգելու որոշման մեկ տարին: Այսինքն՝ հնարավոր է, որ հարցը նորից քննարկվի և որոշում կայացվի ազատ արձակել Սեմերջյանին, ուստի փաստաբանը դեռ մտածում է՝ դիմե՞լ ՄԻԵԴ, թե՞ ոչ:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
