ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակի». թերթը վճռաբեկ բողոք է ներկայացրել

«Ժամանակ» օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նոյեմբերի 11-ին բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի հունիսի 6-ին կայացրած վճիռը:
Փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել էր և դատարանը հոկտեմբերի 11-ի վճիռով ուժի մեջ էր թողել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այն է՝ պարտավորեցնել «Ժամանակ» օրաթերթին հերքում տպագրել և փոխհատուցել 3 մլն դրամ՝ Քոչարյանների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Փաստաբանական ծախսերի դիմաց ևս 3 միլիոն դրամի պահանջը դատարանը մերժել էր:
Ավելի վաղ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը www.hra.am -ին ասել էր, որ Վերաքննիչի որոշումը բողոքարկելու է, քանի որ դատարանը չի պահպանել «օրինականության սկզբունքը»:
«Դեռ դատավորությունը չավարտված՝ դատավոր Դանիել Խաչատրյանն արդեն իսկ կարծիք էր հայտնում, որ իմ ներկայացրած ապացույցը (խոսքը Վերաքննիչ դատարանում գործի միջից անհայտացած տեղեկանքի մասին է- Մ.Ա.) ոչ մի նշանակություն չունի, իրենք միևնույն է դրան ոչ մի գնահատական չեն տալու, հետևաբար իզուր եմ պնդում, որ այդ փաստաթուղթը պետք է դիտարկվի որպես ապացույց և դրվի գործի մեջ»,- նշել էր փաստաբանը:
Առաջին ատյանի դատարանում գործին կցված և Վերաքննիչ դատարանում անհայտ հանգամանքներում կորած տեղեկանքը որպես ապացույց այդպես էլ չի հետազոտվել դատարանի կողմից, թեև Բաղդասարյանը պնդել է, որ դա իրենց համար կարևոր ապացուցողական արժեք ունի:
«Այդ տեղեկանքը պիտի ապացուցեր, որ արդեն իսկ նախապես որոշված է եղել, թե ինչպես դատարանը պետք է Քոչարյանների հայցը բավարարի և մերժի մեր փաստարկները»,-www.hra.am -ին ասել էր փաստաբանը:
Ավելին՝ ապրիլի 20-ի նիստի ձայնագրության հենց այն հատվածը, որտեղ խոսվում է այդ տեղեկանքի՝ գործին կցված լինելու մասին, անհայտ պատճառներով ջնջվել է:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները դատական հայց են ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում 2010թ. սեպտեմբերին տպագրված 3 հրապարակումների համար և պահանջում են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և վնասի փոխհատուցման և փաստաբանական ծառայության համար վճարել 6 միլիոն դրամ:
Աղբյուրը՝ www.hra.am
