Բռնությունը պետք է դադարեցնել (տեսանյութ)

«Ո՛չ ընտանեկան և կանանց նկատմամբ բռնություններին», «Բռնությունը պետք է դադարեցնել», «Իսկական տղամարդը չի ծեծում». այս կոչերով պաստառներով այսօր քայլերթ էր Երևանի փողոցներով։

Կանանց իրավունքների կենտրոնը նոյեմբերի 25-ին' կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, կազմակերպել էր քայլերթ և բացօթյա ակցիա «Ամոթի պատ» խորագրով:

«Մեր քայլարշավի ընթացքում անցնում ենք տարբեր փողոցներով և տեղեկատվություն տարածում, թե ինչ է բռնությունը, ինչ անել բռության ենթարկվելու դեպքում, ցույց ենք տալիս, որ օգնություն կա, եթե որևէ կին ենթարկվում է բռնության: Արդեն ժամանակը եկել է և մենք խոսում ենք դրա մասին, չենք թաքցնում, արտահայտվում ենք, որպեսզի օգնությունը հասնի ժամանակին և չլինի այնպես, ինչպես Զարուհու դեպքում, երբ նա զոհ դարձավ բռնությանը»,-ասաց Կանանց Ռեսուրսային Կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը:

Հյուսիսային պողոտայում  տեղադրվեց մի նկար, որի վրա պատկերված էր ամուսնու և կնոջ վիճաբանությունը, ինչի ականատեսն է լինում նրանց երեխան: Կարճ ժամանակ անց այդ նկարը պատվեց  անցորդների մեկնաբանություններով՝ որով ակցիայի մասնակիցները փորձեցին պատկերավոր ձևով ընդդիմանալ հայկական իրականության մեջ առկա այս երևույթին:

«Մեկ ամիս առաջ նմանատիպ ակցիա կազմակերպվեց կենտրոնի կողմից, որը բավականին մեծ արձագանք գտավ թե հասարակության, թե մամուլի կողմից: Ակցիայից հետո կենտրոնի Ազգային Թեժ Գծին գրանցվեցին զանգեր ընտանեկան բռնության ենթարկված կանանց կողմից, ովքեր ստացան անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն: Նպատակ ունենք, կրկնելով ակցիան, հասնել առավել հաջողությունների,- ասված է ՀԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Զարուհի Պետրոսյանի մահից հետո հասարակական կազմակերպությունների պայքարի շնորհիվ նրան սպանող ամուսինը ստացավ իր պատիժը՝ դատապարտվելով 10 տարի ազատազրկման, բայց այդ երևույթները շարունակվում են և այս կերպ պայքարելով նրանք չեն ցանկանում, որ նոր սպանության դեպքեր արձանագրվեն:

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը մեկնարկեց 16-օրյա ծրագրի սկիզբը: Առաջիկա օրերին սպասվում է ընտանեկան բռնության վերաբերյալ ֆիլմի շնորհանդես՝ դեկտեմբերի 6-ին' ժամը 19:00-ին, Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում և Հայաստանի նկարիչների միությունում լուսանկարների ցուցահանդես «Երջանիկ ընտանիք» խորագրով ՝դեկտեմբերի 8-ից 9-ը ընկած ժամանակահատվածում:

Կարինե Իոնեսյան

Տեսանյութը՝ Սոֆյա Մանուկյան

Աղբյուր` www.hra.am