Ազատ արձակել իրավապաշտպան Ալես Բելյացկուն

Նոյեմբերի 25-ին  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն՝ միանալով իրավապաշտպան Ալես Բելյացկու ազատությունը պահանջող աշխարհի տարբեր երկրներում իրականացվող միջոցառումներին, Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան առջև կազմակերպեց ակցիա։ Ակցիայի մասնակիցները դատապարտում են FIDH-ի փոխնախագահի անարդար վճիռը և պահանջում նրա անհապաղ և անվերապահ ազատ արձակում։

Ալես Բելյացկին՝ FIDH-ի փոխնախագահը և «Վյասնա» մարդու իրավունքների կենտրոնի նախագահը, Բելառուսում բանտարկված է 2011թ. օգոստոսի 4-ից։ Նա մեղադրվում է խոշոր հարկերից խուսափելու մեջ։ Նրա դատավարությունը սկսվել է 2011թ. նոյեմբերի 2-ին, իսկ նոյեմբերի 24-ին նա դատապարտվեց 4,5 տարի ազատազրկման։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն՝ հանդիսանալով FIDH-ի անդամ կազմակերպություն, փորձեց FIDH-ի հասցեագրած նամակը փոխանցել Բելառուսի Հանրապետության դեսպանին, սակայն դեսպանատնից չընդունեցին ակցիայի մասնակիցներին։ Կազմակերպությունը նամակը կուղարկի փոստով։

Այսօր Փարիզում FIDH-ի միջազգային Բյուրոյի անդամները՝ Թուրքիայից, Մարոկոյից, Եգիպտոսից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Կոլումբիայից, Կոնգոյի Ժողովրդավարական հանրապետությունից, Ֆինլանդիայից, Մաուրիթանիայից, Պաղեստինից, Զիմբաբվեից, Թայլանդից, Մեքսիկայից, Թունիսից, Մալազիայից և Հայաստանից, հավաքվեցին Բելառուսի Հանրապետության դեսպանատան դիմաց՝ դատապարտելու FIDH-ի փոխնախագահի կամայական կալանքը և պահանջելու նրա անհապաղ և անվերապահ ազատումը։ Միջոցառումներ կազմակերպեցին FIDH-ի անդամ մի շարք կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներում։

Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններից Հելսինկայն Ասոցիացիան նույնպես միացել է պահանջին և ակցիա կազմակերպել Բելառուսի դեսպանատան առջև։

Հոկտեմբերին Հայաստանում գործող 19 կազմակերպություններ «Ազատություն Ալես Բելյացկուն»  վերտառությամբ բացիկ էին պատրաստել՝ հնարավորինս լայն շրջանակներին խնդրին ծանոթացնելու նպատակով: Բացիկը ուղարկվել է նաև Ալես Բելյացկուն՝ ի նշան աջակցության:

Փաստեր

Ալես Բելյացկին՝ FIDH-ի փոխնախագահը և «Վյասնա» մարդու իրավունքների կենտրոնի նախագահը, Բելառուսում բանտարկված է 2011թ. օգոստոսի 4-ից։ Նա մեղադրվում է խոշոր հարկերից խուսափելու մեջ։ Նրա դատավարությունը սկսվել է 2011թ. նոյեմբերի 2-ին։ Ալես Բելյացկին նոյեմբերի 24-ին դատապարտվեց 4,5 տարի ազատազրկման։

Ալես Բելյացկին քրեական պատասխանատվության առաջ է կանգնել այն բանից հետո, երբ Լիտվայի Արդարադատության նախարարությունը և Լեհաստանի Գլխավոր դատախազությունն Ա. Բելյացկու արտաքին ակտիվների մասին տեղեկատվություն են տրամադրել Բելառուսի իշխանությանը:

Լիտվայի և Լեհաստանի իշխանությունները հետագայում ներողություն են խնդրել Ա. Բելյացկուց և նրա ընտանիքից ու դադարեցրել Բելառուսի հետ իրավական համագործակցության պայմանագրերը:

«Վյասնա» իրավապաշտպան կենտրոնը մշտապես իրականացրել է իրավապաշտպան ակցիաներ, պաշտպանել քաղաքական հայացքների համար հալածվող մարդկանց և չի թաքցրել իր գործունեությունը, չնայած 2003թ. Բելոռուսի Գերագույն դատարանը կազմակերպությունը լուծարելու որոշում էր կայացրել:

«Ալես Բելյացկուն ձերբակալել են Բելառուսում ակտիվ իրավապաշտպաններին ոչնչացնելու և հուսալքելու համար։ FIDH-ը և իր անդամ կազմակերպություն «Վյասնա»-ն երաշխավորում են Ալես Բելյացկու անմեղությունը և կոչ են անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրան...», - ասում է FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը։

«2010թ. դեկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Բելառուսի իշխանություններն ավելի ինտենսիվ են դարձրել իրավապաշտպանների նկատմամբ ճնշող միջոցները։ Ալեսը չխուսափեց տրամաբանական ընթացքից, որը վերացնում է ազատությունը, և մենք մտավախություն ունենք, որ իշխանությունները այս դատավարությունն օրինակ կդարձնեն՝ տարհամոզելու բոլոր ընդդիմախոսներին...», - կարծում է FIDH-ի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը։

Ալես Բելյացկու կալանքի և դատավարության մասին տեղեկությունների համար այցելեք www.freeales.fidh.net։

Աղբյուրը՝ www.hra.am