ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կնոջը սպանելու համար դատապարտված Սարկիսովը բողոքարկում է դատարանի վճիռը

Կնոջը՝ Զարուհի Պետրոսյանին, սպանելու համար 10 տարով ազատազրկված Յանիս Սարկիսովը բողոքարկել է իր դեմ կայացված դատավճիռը:
Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու՝ Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։ Սարկիսովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ (նախատեսված է 6-10 տարի ազատազրկում):
Հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց Սարկիսովին առավելագույն պատժի: Այս որոշումն էլ այժմ բողոքարկել է Սարկիսովի պաշտպան Ժորա Հարությունյանը:
Սարկիսովի պաշտպանը պահանջում է արդարացնել նրան՝ պնդելով, որ Զարուհու մահը արտաամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանություն է և Զարուհին թույն է խմել:
Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը www.hra.am -ին հաղորդեց, որ նոյեմբերի 28-ին իրենք պատասխան են ներկայացրել դատարան՝ պնդելով ամենածանր պատժի արդարացված լինելը: Իսկ թույն խմելու մասին խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ Զարուհի Պետրոսյանի օրգանիզմում թույն չի հայտնաբերվել:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
