Դատապարտյալի կյանքի իրավունքի խախտում. պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է

2012թ. փետրվարի 18-ին դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը մահացել է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ)։ Ըստ նախնական վարկածի՝ Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը  թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Հ. Դոխոլյանը վերջին 7 ամիսների ընթացքում կատարել է ինքնասպանության ևս 2  փորձ, որոնք բարեբախտաբար կանխվել էին:

«Դիտորդների խումբը գտնում է, որ դատապարտյալի կողմից ինքնասպանության դիմելու հարցում ողջ պատասխանատվությունը կրում է  ՀՀ արդարադատության նախարարությունը»,– նշում է ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հ.Դոխոլյանի առողջական վիճակի վերաբերյալ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը երեք հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն (2011թ. հունիսի 9-ին, հուլիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին), տեղեկացնելով, որ նա տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններով և դիմել էր պատժից ազատման խնդրանքով:  Բոլոր երեք հրատապ հաշվետվություններին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացվել է 4  (11.07.2011թ., 27.07.2011թ.,  16.08.2011թ., 26.12.2011թ.) և Քրեակատարողական վարչությունից' 1 պատասխան (29.07.2011թ.) գրություն: Պատասխաններում նշվում է, որ Հովհաննես Դոխոլյանի վերաբերյալ քրեակատարողական ծառայության Բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից կայացված որոշումները ներկայացված են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին և ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում (29.07.11թ. և 16.08.11թ. պատասխան գրություններ), իսկ 26.12.2011թ. գրությամբ` իրականացվել են դատապարտյալին ծանր հիվանդության պատճառով պատժից ազատման վերաբերյալ լայնածավալ ուսումնասիրություններ և մշակվել են տվյալ ոլորտը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերի նախագծեր:

«Այսինքն՝ դատապարտյալին պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդության առկայության դեպքում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգի բացակայության հետևանքով առնվազն 7 ամիս հարցին լուծում չի տրվել: Ավելին, 2011թ. ընթացքում հասարակական դիտորդների խումբը տարածել է 5 մամլո հաղորդագրություններ (11.07.11թ., 06.08.11թ., 09.09.11թ., 02.11.11թ., 30.12.11թ.), որով իր մտահոգությունն է հայտնել Հ. Դոխոլյանի նկատմամբ ցուցաբերված անտարբերության մասին և դատապարտել է նման գործելաոճը և գնահատել է որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում»,–ասում է դիտորդական խմբի ղեակավար Արթուր Սաքունցը:

Դիտորդների խումբն արձանագրել է, որ դատապարտյալ Հ. Դոխոլյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ցուցաբերել է երկարատև անտարբեր վերաբերմունք, ձևական մոտեցում, որը հանգեցրել է դատապարտյալի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և կյանքի իրավունքի խախտման:

Աղբյուրը՝ www.hra.am