ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հացադուլ կանեն, երբ բողոքելու բոլոր ատյաններն սպառվեն

Փետրվարի 21–ին՝ կեսօրին, Մաշտոցի պուրակում շինարարությունը դադարեցված է, ոստիկանները մեծ թիվ չեն կազմում, իսկ ցուցարարների շարքերը համալրվում են. www.hra.am -ին փոխանցեց ակտիվիստ-ցուցարար Բայանդուր Պողոսյանը:
Նա երեկ Մաշտոցի պուրակում հացադուլ էր հայտարարել, որը տևել է 5 ժամ: Հացադուլի դադարեցման պատճառը, նրա խոսքերով, եղել է ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի հայտարարությունը և մարդկանց հորդորները:
«Գիշերը ժամը 9-ի սահմաններում փոխգնդապետը բոլորի ներկայությամբ, տեսախցիկների առաջ ասաց, որ ամենաբարձր ատյաններից իրեն զանգահարել են և ասել են, որ շինարարությունը կանգնեցվում է մեկ շաբաթով, մինչև մենք մեր ուղարկած փաստաթղթերի պատասխանը կստանանք»,- www.hra.am -ին ասաց Պողոսյանը:
Բայանդուր Պողոսյանը հուսով է, որ խնդրի լուծումը կգնա իրավական ճանապարհով, իսկ մինչ այդ պնդում է, որ իրենց ցույցերը շարունակվելու են և կրելու են խաղաղ բնույթ:
Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղի ունեցող շինարարության և դրա շուրջ բարձրացված հասարակական բողոքի վերաբերյալ վաղը քննարկում է անցկացնում ՀՀ հանրային խորհուրդը։ Քննարկմանը ներկա կլինեն Հանրային խորհրդի անդամներ և ենթահանձնաժողովների նախագահներ, բնապահպաններ և այլ շահագրգիռ անձիք: Հանրային խորհրդի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան, ՀՀ բնապահպանության, քաղաքաշինության նախարարություններ, ճարտարապետների միություն:
Իսկ ոստիականույունը պուրակում ոստիկանության գործողությունների շուրջ կլոր սեղան-քննարկում է նախաձեռնում փետրվարի 28-ին։ «Կարևորելով հանրության տարբեր տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացնելու կլոր սեղանի շուրջ քննարկումներ՝ ոստիկանության գործողությունների իրավական հիմքերին վերաբերող հիմնահարցերով»,- նշված է ոստիակնության տարածած հաղորդագրությունում:
Թեև բնապահպան-ակտիվիստները պուրակում չեն գիշերելու, սակայն գիշերվա ժամերին պարբերաբար այցելելու են պուրակ և «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իրենց էջում ներկայացնելու պուրակում տիրող վիճակը:
Մերի Ալեքսանյան
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
