Հելսինկյան ասոցիացիան ոչ մի դրական առաջընթաց չարձանագրեց

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը քննադատում է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին իրենց կազմակերպությանը մոնիտորինգ անցկացնելու թույտվություն չտալու համար:

Այս մասին Դանիելյանը հայտարարեց Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ «2011թ.-ի զեկույցը» ներկայացնելու ընթացքում՝ փետրվարի 22-ի ասուլիսի ժամանակ: Նա անընդունելի է համարում այն պատճառաբանությունը, թե նախորդ տարվա մոնիտորինգի արդյունքների ամփոփումն առաջացրել է  դատապարտյալների ու կալանավորված անձանց, քրեակատարողական վարչության աշխատակիցների օբյեկտիվ դժգոհությունը:

«Մենք հավաքեցինք մարդկանց, ովքեր 2010-2011թթ ազատվել են բանտերից ու հարցաշար տվեցինք նրանց, որ պարզենք՝ ինչպես է իրավիճակը բանտերում: Վիճակը ոչ մի ձևով չի լավանում, և այն որ Հրայր Թովմասյանն ասում է բարեփոխումներ է անում, դա սուտ է, ինքը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց Դանիելյանը:

Դանիելյանն այս զեկույցի շրջանակներում քննադատեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, ըստ որի՝  հասարակական կազմակերպությունները պարտավոր են անցնել ատեստացիա ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Նա անդրադարձավ նաև «Փաստաբանների մասին» օրենքի 5-րդ հոդվածի փոփոխությանը, որով՝ նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը: Դանիելյանը կարծում է, որ այդկերպ խախտվում են այն մարդկանց իրավունքները, ովքեր փաստաբան վարձելու համար գումարներ չունեն:

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը նշեց դատական թերությունների մասին: Նա անընդունելի է համարում, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կարող է գործը վարույթ չըդնունի ու մեկնաբանություն չտա դրա համար:

«Մենք կորցնում ենք նաև Վերաքննիչ դատարանը, քանի որ առաջին ատյանի դատարանի որոշումը քննարկում են վճռաբեկության կարգով, այսինքն՝ լսում են երկու կողմերի բողոքը ու դատարանն անմիջապես հեռանում է դատավճիռ կայացնելու: Այսինքն՝ պաշտպանվող կողմը պաշտպանվելու հնարավարություն չի ունենում, որը բացարձակ անընդունելի է, երբ ծանր հանցագործությունների մեջ են մարդկանց մեղադրում»,- համոզված է փաստաբանը:

Փաստաբանի խոսքերով՝ փորձաքննությունները ձևական բնույթ են կրում Հայաստանում. այնքան են փորձաքննություն նշանակում, մինչև մեղադրողի սրտով փորձաքննության արդյունք լինի, ու դատավորը առանց որևէ տրամաբանության ընդունի այն: Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ դատարանի կողմից նախնական կալանք նշանակելը դարձել է ավանդույթ, և այդ որոշումների հետևանք է Նուբարաշեն ՔԿՀ-ի գերբնակեցումը։

Հելսինկյան ասոցիացիայի Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2011թ.-ի զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am