Վճռաբեկ դատարան բողոք չի ներկայացվել

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ` վեց ամսվա ազատազրկման դատապարտված Անդրանիկ Մակվեցյանը վճռաբեկ բողոք չի ներկայացրել: Նրա փաստաբան Արթուր Մարտիրոսյանը www.hra.am -ին փոխանցեց, որ իր պաշտպանյալը ցանկություն չի հայտնել բողոքարկելու դատարանի վճիռը՝ հաշվի առնելով, որ իր ազատազրկումը կարճաժամկետ է:

Վճռաբեկ բողոք չի ներկայացրել նաև Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արտակ Արթենյանը: Նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը պատճառաբանեց, որ հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի մերժումը՝ իրենք նպատակահարմար չեն գտել դիմելու վճռաբեկ ատյան:

Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2011 թ. մայիսի 15-ին Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում վիճաբանության մեջ է մտել Տեր Եսայի քահանա Արտակ Արթենյանի հետ, բռունցքով հարվածել է քահանայի աջ ձեռքին և սպառնացել «կրծել կոկորդը»:

Նոյեմբերի 28-ին դատարանը Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը) և 6 ամսվա ազատազրկման դատապարտել։ Երկու կողմերն էլ վերաքննիչ բողոք էին բերել, սակայն Վերաքննիչ դատարանը 16.01.2012թ. կայացրած որոշմամբ անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am