ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատավորների ընդհանուր ժողով. ամփոփել են տարին, մրցանակներ հանձնել լավագույններին

«Վերջին շրջանում դատական իշխանության վերաբերյալ դատախազների և փաստաբանների կողմից հնչեցրած դժգոհությունների մասնագիտական վերլուծությունը հանգեցնում է մի հետևության, որ մենք գտնվում ենք անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին»,- դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ասել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Փետրվարի 25-ին տեղի ունեցած ժողովի ժամանակ Մկրտումյանը ամփոփել է տարին, մրցանակներ շնորհել «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» անվանակարգերում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից:
Վճռաբեկ դատարանի նախագահը 2011-ը բնութագրել է որպես ծանրաբեռնված, սակայն արդյունավետ տարի: Նրա կարծիքով՝ առաջընթացը նկատելի է հատկապես քրեական ոլորտում: Որպես ասվածի ապացույց՝ նա նշել է, որ անցած տարվա ընթացքում ՀՀ դատարանների կողմից լրիվ կամ մասնակի արդարացման վճիռներ են կայացվել 77 անձի նկատմամբ, իսկ 2009 թվականին արդարացվածների թիվը 25 էր:
Դատարանների նախագահների խորհրդի ձևավորած հանձնաժողովը ընտրել է 2011 թվականի լավագույն դատավորներին: Դրանք են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, քրեական գործեր քննող դատավորներից' Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Քաղաքացիական գործեր քննող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» անվանակարգում ընտրվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:
2011 թվականի լավագույն դատարաններ են ճանաչվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:
Դատական դեպարտամենտը հիշեցնում է, որ մրցանակաբաշխությունը անցկացվում է 2009 թվականից, որի նպատակն է խրախուսել դատավորների մասնագիտական գործունեությունը: Լավագույններին ընտրելու համար սահմանված են հատուկ չափորոշիչներ, որոնցից են՝ դատավորների կողմից քննվող գործերի քանակը, բողոքարկված, բեկանված կամ փոփոխված գործերի քանակը, դատավորների մասնակցությունը վերապատրաստումներին, դատավորների կարգապահությունը, նրանց դեմ ներկայացված հիմնավոր դիմում-բողոքները և այլն:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
