ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Վկա Արտակ Հովհաննիսյանը վարկաբեկում է եղբորս»,– Ծովինար Նազարյան

Չնայած նրան, որ Արտակ Նազարյանի հարազատները դիմում են տարբեր պետական ատյանների, որ իրենց որդու սպանության գործը քննվի Երևանում, դատական նիստերը շարունակվում են անցկացվել Իջևանում:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է, և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ, Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում:
Դատավարությունը սկզբում ընթանում էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, հետո՝ արտագնա նիստերով Երևանում՝ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, իսկ այս տարվա հունվարից դատավարությունը տեղափոխվել է Իջևան:
Փետրվարի 28-ի դատական նիստի ժամանակ նայել են վկա Արման Մնացականյանի տեսաձայնագրությունները: Մնացականյանը, ով հիմնական վկաներից է, չի ներկայանում դատական նիստերին՝ ասելով, որ հիվանդ է:
Այնուհետև, ինչպես www.hra.am -ին հաղորդեց Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, դատարանում հարցաքննվել է վկա սերժանտ Արտակ Հովհաննիսյանը, ով Արտակ Նազարյանի տեղակալն է եղել:
Արտակ Հովհաննիսյանն առանցքային վկաներից մեկն է, ում ցուցմունքների հիման վրա կազմվել է մեղադրանքը, գրվել է նախաքննական վարկածը ու 5 ամբաստանյալ են գործով հայտնվել:
«Ինքն, ըստ էության, կրկնում էր նախաքննության ընթացքում ասած իր ցուցմունքները՝ հեղինակազրկելով ու վարկաբեկելով իմ եղբորը: Այդ մասին մենք շատ հարցեր ունենք ու դրան դեռ չենք անդրադառնում, քանի որ դեռ պետք է հարցաքննենք նրան հաջորդ դատական նիստի ժամանակ»,- ասաց Նազարյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին:
Կարինե Իոնեսյան
