Կդիմեն Եվրոպական դատարան

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Ստեփան Հովակիմյանի խոշտանգման գործով բողոքը՝ հիմքեր չլինելու պատճառաբանությամբ։ Ստեփան Հովակիմյանի փաստաբանը հայտնեց, որ դիմելու է Եվրոպական դատարան։

«Այսինքն՝ մենք Հայաստանում սպառել ենք բոլոր դատական ատյանները: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ա.Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին, դրանով իսկ դատախազության և ընդհանուր իրավասության դատարանի պես գտնելով, որ որոշումը ճիշտ է կայացված՝ օրինական է և հիմնավոր: Իսկ Վճռաբեկում անգամ չուզեցին քննել այս գործը, ինչպես դա արվում է և մնացած մյուս դեպքերում»,- www.hra.am –ին հաղորդում է Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանիը պնդում, որ ոստիկանությունում իրեն ենթարկել են խոշտանգումների՝ կորզելով ինքնախոստովանական ցուցմունք այն մասին, որ Մոսկվա կինոթատրոնից գողություն է կատարել:

Փաստաբան Տ.Սաֆարյանը պնդում է, որ հրաժարվելով կատարել նախաքննություն, Հատուկ քննչական ծառայությունն ինքն իրեն սահմանափակել է միայն բացատրություններ վերցնելու հնարավորությամբ։ Չեն կատարվել առերես հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ: