ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանը լսեց գումարտակի հրամանատարին
Մարտի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:
Դատավոր Սամվել Մարդանյանը, հարցնելով նիստը տեսագրող լրագրողի և լրատվամիջոցի մասին տվյալներ, հայտարարեց, որ ադրբեջանական հեռուստալիքները հատվածներ են ցուցադրում այս դատից, և զգուշացրեց. «համապատասախան ինֆորմացիայի արտահոսք չլինի», և որ ազգային անվտանգության հետ կապված խնդիրների դեպքում լրագրողները պատասխանատվություն են կրելու:
Նախորդ դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը բացարկ էին հայտնել գործով մեղադրող Հարություն Հարությունյանին: Հ. Հարությունյանը դեմ արտահայտվեց իրեն հայտնված բացարկին` ասելով, որ դրա համար բավարար իրավական հիմքեր չկան: Դատական նիստն ընդմիջվեց բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Ժամը 14-ին վերսկսված նիստում դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց մեղադրող Հարություն Հարությունյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը: Այնուհետև դատարանը լսեց վկա, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Միշա Գաբրիելյանին: Չնայած դատակոչված մյուս վկան`Գարեգին Սայադյանն ավելի շուտ էր դատարան ներկայացել, դատավորը որոշեց առաջնահերթ հարցաքննել Միշա Գաբրիելյանին (Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո վերջինիս տեղափոխել են Ճամբարակ, մի տարով պաշտոնն իջեցվել է):
Միշա Գաբրիելյանն Արտակ Նազարյանին բնութագրեց որպես կիրթ, համեստ անձնավորության,հավելելով, որ նա մասնակիորեն է կարողացել կատարել դասակի հրամանատարի պարտականությունները, գործնական որոշ առաջադրանքներում Արտակը դժվարացել է, իբրև նա չէր սիրում զինվորական գործը:
Արտակի մահվան օրը փոխգնդապետ Մ.Գաբրիելյանը եղել է արձակուրդում: Կապիտան Հակոբ Մանուկյանն Արտակի նոթատետրը մի գրության հետ հանձնել է գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Նաջարյանին՝ պահանջելով այդ մասին ոչ մեկի չասել: Արտակի մահվան դեպքից հետո Նաջարյանը դրանք տվել է Միշա Գաբրիելյանին, սակայն վերջինս իրեղեն ապացույց հանդիսացող այդ գրությունը և նոթատետրն օրեր անց է հանձնել նախաքննական մարմնին:
Փոխգնդապետ Գաբրիելյանը դատարանում ասաց, որ դրանց մասին մոռացել էր, չէր կարծում որ նոթատետրն ու գրառումը գործի համար կարևոր են: Այդ գրության մեջ Արտակ Նազարյանն իբր նշել էր իր մահվան գործում ոչ մեկին մեղավոր չհամարել, այդ գրառման մի մասը ջնջված է:
Վկայի հարցաքննությունից հետո մեղադրող Հ. Հարությունյանը միջնորդեց հրապարակել Մ. Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները և ամբաստանյալի պաշտպանները դեմ էին դրան, սակայն դատավոր Մարդանյանը բավարարեց միջնորդությունը: Մեղադրող Հայկ Հարոյանը մեծ դժվարությամբ էր ընթերցում Միշա Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքները, որոնք գրված էին քննիչ Մադաթյանի ձեռքով: Վկա Գաբրիելյանը պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի հարցին` ասաց, որ Արտակ Նազարյանին սպանելու պատճառներ չկային: Վկան համոզված էր, որ Արտակն ինքնասպանություն է գործել, սակայն դրա համար որևէ պատճառ չկարողացավ նշել:
Մեղադրողներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը երկար ժամանակ վկային հարցեր էին ուղղում, որոնք հաճախ կապ չունեին մեղադրանքի հետ: Մեղադրողները, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի խոսքերով` «ջուր էին ծեծում», ինչի համար դիտողության արժանացան դատավոր Սամվել Մարդանյանի կողմից:
Հաջորդ դատական նիստին, որը կկայանա ապրիլի 17-ին, կհարցաքննվի գործով առանցքային վկա Գարեգին Սայադյանը:
Ոսկան Սարգսյան
Իջևան
