Մեկ նիստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ 6 դիմում, 6 մերժում

Այս տարի արտերկրում բնակվող 238 քաղաքացիներ առաջին անգամ էլեկտրոնային ձևով ընտրությանը մասնակցելու հնարավորություն կունենան: Կենտոնական ընտրական հանձնաժողովն այսօր պաշտոնական արարողությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնեց փակ ծրարները, որտեղ նշված են ընտրողների կոդային ծածկագրերը և դրանց ուղեցույցերը։

Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցողները միայն դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատողներն ու արտասահմանում մշտապես բնակվող նրանց հարազատներն են: Թեև այն ՀՀ իրավաբանական անձինք, ովքեր արտերկրում մասնաճյուղեր ունեցող ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատակիցներ ունեն ևս կարող էին քվեարկել, բայց, ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, նրանցից ոչ մի դիմում չեն ստացել:

«Ընտրությունը նրանց համար կսկսվի ընտրություններից 9 օր առաջ ու կավարտվի 5 օր առաջ՝ ժամը 20:00-ին»,- հայտարարեց Մուկուչյանը ծրարները Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին հանձնելուց առաջ:

Ի դեպայս տարվա ընտրողների թիվը 2008 թ-ի համեմատ աճել է 170.000–ով։ Այժմ նրանց թիվը կազմում է 2.485.844 մարդ:

ԿԸՀ նիստի ժամանակ քննեցին 6 դիմում՝ բոլորն էլ մերժեցին

Այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցավ նաև ԿԸՀ հերթական նիստը, որի ժամանակ մերժվեցին ՀՀ 2 քաղաքացիների ու 2 հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված 6 դիմումներ:

«Տաղանդավոր սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական հասարակական կազմակերպությունը և «Ազատություն և ժողովրդավարություն» ՀԿ-ները դիմել էին դիտորդների հավատարմագրման թույլտվություն ստանալու համար: Նրանցից մեկը պատրաստ էր մասնակցել 550 դիտորդներով, մյուսը՝ 28:

ԿԸՀ-ն, ղեկավարվելով ընտրական օրեսնգրքի 29-րդ հոդվածով, մերժեց նրանց դիմումները, քանի որ ըստ այդ հոդվածի՝ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

Այս չափանիշին վերոնշյալ երկու հասարակական կազմակերպությունները չէին համապատասխանում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նաև ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի կողմից ներկայացված 3 դիմումները: Առաջին երկուսի համաձայն՝ Թորոսյանը պարզել էր, որ Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ալիքներով նախընտրական քարոզչություն է իրականացվել: Իսկ երրորդ դիմումի համաձայն՝ մեղադրել էր ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին դպրոցներում նախընտրական քարոզչություն իրականացնելու մեջ:

ԿԸՀ-ն մերժեց նրա դիմումները՝ հիշեցնելով, որ վերջինս 3 օրվա ընթացքում կարող է բողոքարկել այս որոշումը:

Նույն խորհուրդը ԿԸՀ ղեկավարը տվեց նաև մեկ այլ քաղաքացի Հակոբ Հակոբյանին, ով արդեն երկրորդ անգամ նույն հարցով դիմում է ԿԸՀ:

Հակոբյանն այս տարի էլ հայտարարում է, որ թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորական թեկնածություն է առաջադրել ինչպես ինքը, այնպես էլ քաղաքացի Սեդրակ Սարոյանը, ով իրականում իրավունք չունի լինել թեկնածու, քանի որ 5 տարի անընդմեջ չի բնակվել Հայաստանում:

ԿԸՀ-ն նախկին դիմումից հետո վերահասցեավորել էր այն ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչություն Սարոյանի վերաբերյալ փաստերն ստուգելու ու ծանուցելու համար:

Ոստիկանությունն այն ժամանակ հայտնել էր, որ ուսումնասիրել է վերջին 5 տարիների փաստական հանգամանքներն ու հանգել այն եզրակացության, որ Հակոբյանի ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

Հակոբյանն այս անգամ էլ բողոքարկել է ԿԸՀ որոշումը՝ ասելով, որ ոստիկանության գրությունը հավաստի տվյալներ չի պարունակում ու օրենքի պահանջների խախտումներով է կազմվել: Կարծում է, որ այդ տվյալները պետք է կրկնակի ստուգել ու հիմնավորել ու նորից հանձնարարել ոստիկանությանը տվյալներ վերցնել ԱԱԾ-ից:

«Քաղաքացի Հակոբյանը դմումին կից իր դատողությունները հիմնավորող ապացույցներ ու փաստական հանգամանքներ չի ներկայացրել, ուստի մենք կարծում ենք, որ կրկնակի հարցում իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- հայտարարեց Մուկուչյանը:

Բոլոր դիմուները մերժվեցին միաձայն: