ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ո՞վ է «ոնց որ գիժ». խաղաղ ակտիվիստը, ահազանգողը, թե՞...

Այսօր՝ ժամը 13։50–ին, Հանրային հեռուստաընկերության շենքի առջևից ակտիվիստ Երվանդ Կարապետյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունք։ Նա Հանրային հեռուստաընկերության գործունեության դեմ բողոքի ակցիա էր իրականացնում։ Ոստիկանների փոխանցմամբ՝ ահազանգ է ստացվել, իբրև այդ մարդը հոգեկան հիվանդ է:
Ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունքի հերթապահ Հարությունյանի փոխանցմամբ՝ ահազանգ է եղել անհայտ քաղաքացուց, որ Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ տարօրինակ վարքագծով մարդ է կանգնած, «ոնց որ գիժ լինի» նշել է ահազանգողը։
Այս ահազանգի հետևանքով ոստիկանությունը բերման է ենթարկել Երվանդ Կարապետյանին։ Երվանդը պլակատը ձեռքին միայնակ կանգնած է եղել հեռուստաընկերության շենքի առաջ։ Մեր այն հարցին, թե ինչպես է դրսևորվել Երվանդի «տարօրինակ վարքագիծը», Հարությունյանը կարկամած նշեց՝ պլակատը ձեռքին կանգնած է եղել։
Իսկ թե ով է եղել ահազանգողը, դեռևս պարզ չէ։ Եթե հաշվի առնենք, որ Երվանդը կանգնած է եղել Հանրային հեռուստաընկերության շենքի առաջ,այսինքն՝ ոչ բանուկ և բազմամարդ մի տարածքում,ապա՝ ամենայն հավանականությամբ, ահազանգը հնչել է հենց հեռուստաընկերության շենքից։ ՄԵր այն հարցին, թե ահազանգողի ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են, հերթապահ Հարությունյանը պատասխանեց. «գործով նյութեր են նախապատրաստվում, դե հա, դրան էլ կանդրադառնանք»։
Ոստիկանության բաժանմունքից 15:15–ի սահմաններում Երվանդ Կարապետյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան՝ ստուգման։ Այս պահին՝ ժամը 15։58–ի դրությամբ, Երվանդ Կարապետյանը գտնվում է Նորքի հոգեբուժարանում։
