Արտակ Նազարյանի գործով վկան հակասական ցուցմունքներ տվեց

Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով առանցքային վկա, «Մեհրաբներ» զորամասի
գրագիր
Գարեգին Սայադյանըդատարանում խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական
ցուցմունքը, քանի որ երկու տարի է անցել ու «ոչինչ չի հիշում»:

Ապրիլի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում
շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի 
մահվան գործով
դատավարությունը:

Նիստին հարցաքննվող զորամասի գրագիր Գարեգին Սայադյանը հայտարարեց,
որ ոչինչ չի հիշում և դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:
Սակայն հարցաքննության ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ վկան շատ բաներ հիշում
է, պարզապես խուսափում է պատասխանել՝ պատճառաբանելով, որ չի հիշում: Սայադյանը դատարանում
խոսում էր ցածր ձայնով, վախվորած նայում էր իր նախկին ծառայակիցների դեմքերին:

Նա իր ցուցմունքում նշեց, որ Արտակ Նազարյանը մահվանից ժամեր
առաջ եղել է շփոթված վիճակում, անհանգիստ քայլել է, իր հարցերին տվել է կարճ պատասխաններ:
Սակայն, դրան նախորդած գիշերը, ըստ ցուցմունքի, Արտակը սուրճ է պատրաստել իր և վկա
Սայադյանի համար: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ է եղել այդ մի քանի ժամվա ընթացքում,
ինչը կարող էր դրդել Արտակ Նազարյանին «ինքնասպան» լինել:

Գարեգին Սայադյանը Նազարյանի մահվան դեպքից հետո 9 օր գտնվել
է Բերդի ռազմական ոստիկանությունում: Նույն խցում պահվել են գործով այլ վկաներ, ինչը
Քրեական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի խախտում է:

Վկան դատարանում ասաց, որ ռազմական ոստիկանությունում հարցաքննության
ժամանակ իրենց փաստաբան չեն առաջարկել: Ամբաստանյալների պաշտպանների հարցերին ի պատասխան՝
Սայադյանը նշեց, որ խցում պահվելու ժամանակ ինքն ու ծառայակիցները քննարկել են քննիչի
կողմից  իրենց տրված հարցերը, սակայն միմյանց
չեն ասել, թե ինչպես են պատասխանել այդ հարցերին:

Հակասական էր ամբաստանյալների վերաբերյալ վկա Սայադյանի ցուցմունքները:

Նա դատարանում պնդում էր, որ ավագ-լեյտենանտ Վահագն Հայրապետյանը  բաժանել է իրար հետ կռվող Հակոբ Մանուկյանին և Արտակ
Նազարյանին, և հարվածել է Նազարյանին: Սակայն չէր հիշում, թե Հայրապետյանը ինչպե՞ս
է հարվածել Արտակին:

Նա նաև պնդում էր, որ ամբաստանյալ, գումարտակի հրամանատարի տեղակալ
Հակոբ Մանուկյանը հայհոյել է Արտակ Նազարյանին, սակայն չէր հիշում, թե կոնկրետ ի՞նչ
հայհոյանքներ է տվել:

Ամբաստանյալ Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Մանվել Մխիթարյանը, լսելով
վկայի ցուցմունքները, դատարանում հայտարարեց, որ դատից առաջ Գարեգին Սայադյանն իրեն
հավաստիացրել էր, որ ամբաստանյալ զինվորները մեղք չունեն, և ինքը դատարանում կասի ճշմարտությունը:
Կարգը  խանգարելու պատճառաբանությամբ դատավոր
Սամվել Մարդանյանը դատական կարգադրիչներին հրահանգեց դահլիճից հեռացնել Մանվել Մխիթարյանին
և նա չմասնակցեց նիստին: 

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ վկայի ցուցմունքները  լսելուց հետո ինքը դատարանին միջնորդություն է ներկայացնելու,
որպեսզի սուտ վկայություն տալու համար Գարեգին Սայադյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի:
Նա նիստի սկզբում վկային խորհուրդ էր տվել դատարանում ճշմարտությունն ասել, և զգուշացրել
էր, որ եթե նախկինում ճնշումների տակ կեղծ ցուցմունքներ է տվել, ապա դրա համար պատասխանատվության
չի ենթարկվելու:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 18-ին՝ ժամը 12-ին: Այդ
օրը կշարունակվի վկա Գարեգին Սայադյանի հարցաքննությունը: Թեև տուժողի իրավահաջորդի
ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն այդ օրն այլ գործով նիստ ուներ, սակայն
դատավոր Մարդանյանը հրաժարվեց նիստի օրը փոխել:

Ոսկան Սարգսյան

Իջևան