Հաջորդ դատական նիստը՝ մայիսին

Ապրիլի 18-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում
շարունակցվեց 2010թ. հուլիսի 27-ի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում մահացած
Արտակ Նազարյանի գործով դատավարությունը: Նիստին ներկա չէին տուժողի իրավահաջորդ Ծովինար
Նազարյանը և նրա ներկայացուցիչներ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը և փաստաբան Մուշեղ
Շուշանյանը:

Նիստում շարունակվեց գործով վկա Գարեգին Սայադյանի հարցաքննությունը:

Սայադյանը պատմեց, որ վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի հետ
հեռախոսազրույցից և երկուստեք հայհոյանքներից հետո լեյտենանտ Արտակ Նազարյանի տրամադրությունն
ընկել է: Սակայն  նա չկարողացավ հիշել, թե երբ
է  տեղի ունեցել այդ հեռախոսազրույցը:

Վկան հիշեց նաև, որ 2010թ. հուլիսի 26-ի կեսօրին Արտակ Նազարյանի տրամադրությունը
վատացել է, սակայն չկարողացավ նշել դրա պատճառը:

Սայադյանը ասաց, որ իրենց հենակետում ալկոհոլային խմիչքներ չեն
եղել և ինքն Արտակից խմիչքի հոտ չի զգացել: Նա չկարողացավ բացատրել, թե ինչպես է Արտակ
Նազարյանն օգտագործել ալկոհոլային խմիչք:

Պատասխանելով ավագ լեյտենանտ Վահագն  Հայրապետյանի պաշտպանի հարցերին՝ վկան կցկտուր ասաց,
որ Հայրապետյանը Հակոբ Մանուկյանի և Արտակ Նազարյանի միջև կռվի ժամանակ նրանց բաժանելիս
բռունցքով մի հարված է հասցրել Արտակ Նազարյանի կրծքին: Սայադյանն  ասաց, որ այդ դեպքին ներկա են եղել նաև այլ զինվորներ, թե կոնկրետ ովքեր՝ վկան չմտաբերեց:

Պաշտպան Պողոսյանը, նույն հարցը տարբեր շարադրանքներով հնչեցնելով,
փորձում էր վկայից պարզել, թե ամբաստանյալ Վ. Հայրապետյանը իսկապե՞ս հարվածել է Ա.
Նազարյանին կամ այդ միջադեպի ժամանակ արտառոց ի՞նչ գործողություններ է կատարել, որ Սայադյանը
նրան հիշում է:

Դատավոր Մարդանյանը պաշտպանի հարցին արձագանքեց այսպես. «Ասաց՝
խփել է: Ի՞նչ արտառոց գործողություն, կարո՞ղ է տիեզերանավ պիտի իջեցներ»:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի վկայի ցուցմունքները Վ. Հայրապետյանին
վերաբերող մասով դատարանի կողմից համարվեն ոչ արժանահավատ:

Դատական նիստին դատակոչված մյուս վկաները չէին ներկայացել: Մեղադրող
դատախազ Հարություն Հարությունյանը դատավորին առաջարկեց, որ դատարանը վկաներին բերման
ենթարկելու որոշում կայացնի, քանի որ վկաների մի մասն իր կամքով չի ներկայանում: Սակայն
պարզվեց, որ դատարան ապրիլի 18-ին այլ վկաներ դատակոչված չեն: Դատավոր Սամվել Մարդանյանն
ասաց, ինքն այլ վկաներ չի դատակոչել, քանի որ կարծում էր, թե պաշտպանները պետք է դատարանին
միջնորդեին հրապարակել Գարեգին Սայադյանի նախաքննական ցուցմունքները և նիստը պիտի երկար
տևեր:

Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց է մայիսի 2-ին։

Ոսկան Սարգսյան


Իջևան