Վարչական դատարանը չընդունեց Զոլյանի հայցադիմումը. օրենքով պետք է դիմել Ընդհանուր իրավասության դատարան

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ՀՀ վարչական դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում:

Զոլյանն ապրիլի 13-ին դիմել էր ՀՀ
վարչական դատարան ընդդեմ ՀՀ կրթության և գիտության
նախարարի՝ պահանջելով վերացնել ՀՀ կրթության
և գիտության նախարարի ապրիլի 6–ի՝ Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին
թիվ 160-Ա հրամանը: Այդ հրամանով կարգապահական վարույթ էր հարուցվել ռեկտորի երկրից բացակայելու համար:

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, մերժել է հայցադիմումն
ընդունել վարույթ՝ պատճառաբանելով, որ Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից  ծագող բոլոր գործերը, այդ թվում՝

«1) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ
կապված վեճերը,

2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության
կարգով,

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների,
այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու
վերաբերյալ վեճերով գործերը,

4) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային
իրավահարաբերություններից»,- ասված է դատավորի որոշման մեջ։ 

Սուրեն Զոլյանն այս խնդրով պետք է դիմի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ առկա
վեճն այդ դատարանի խնդիրն է: Սակայն նախկին ռեկտորը որոշել է բողոքարկել Վարչական դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում: 

Լուսանկարը՝ brusov.am-ի