ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ դեռ չկան

Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ «Մեհրաբներ» զորամասի հենակետում, հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանի գործով ձերբակալվածներ դեռ չկան. այս մասին մեզ փոխանցեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին «Մեհրաբներ» զորամասի հենակետում հրազենային վնասվածքից մահացել է Զորիկ Մարգարյանը, իսկ 22-ամյա ժամկետային զինծառայող Կարեն Մովսիսյանը հրազենային վիրավորում է ստացել:
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Մովսիսյանը վիրահատվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` սպանություն (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը), և կատարվում է նախաքննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հրադադարի ռեժիմը խախտվել է, կան վիրավորներ
Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ.այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակը:
Ապրիլի 19-ի առավոտյան Ասկերանի շրջանում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող 20-ամյա Արամ Բարսեղյանը: ՊԲ լրատվության բաժնի փոխանցմամբ՝ զինվորին տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի 24-ին արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը «ԻՍՏԻԳԼԱԼ» զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գևորգի Մադոյանը և Էռնեստ Միքայելի Սարգսյանը:
Հրադադարի ռեժիմը խախտվել է նաև ապրիլի 25-ին: Առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում հակառակորդը շուրջ 45 րոպե կրակահերթ է բացել Տավուշի մարզի Դովեղ գյուղի ուղղությամբ: Գյուղի մանկապարտեզի և դպրոցի սաները տարհանվել են, վիրավորներ չկան: Կրակահերթի պառճառով գյուղը նյութական վնասներ է կրել, վնասվել են տների պատերը, տանիքները և մի բեռնատար մեքենա:
