Ընտրություններին ընդառաջ բարձրաձայնվում են նաև ազգային փոքրամասնությունների խնդիրները

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները չեն կարող իրենց մայրենիով
դիմել պետական կառույցներին ու բարձրաձայնել իրենց խնդիրները: Սա մեկն է նրանց հուզող
տասնյակ խնդիրներից, որոնց լուծումը ամրագրված է միջազգային ու տեղական օրենսդրական
փաստաթղթերով, բայց օրենքն այդպես էլ  գործնականի
չի վերածվում՝ համապատասխան ռեսուրսների բացակայության պատճառով:

«Հայաստանը ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան ստորագրելուց
առաջ չի գիտակցել, որ չի կարող կատարել վերջինիս բոլոր պահանջները»,- համոզված է ազգագրագետ
Հրանուշ Խառատյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված աշխատաժողովի ժամանակ ներկայացվեց
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու պետական համապատասխան մարմինների կողմից
պատրաստված 3 հատորից կազմված հատուկ օրենսդրական ձեռնարկ, որտեղ զետեղված են ազգային
փոքրամասնություններին վերաբերող միջազգային և տեղական օրենքները:

Այս օրենքները, Խառատյանի համոզմամբ, հիմնականում չեն գործում Հայաստանում, ու
ազգային փոքրամասնություններն այդպես էլ մնում են որպես առանձին միավորներ, որոնց խնդիրները
մասամբ են բարձրաձայնվում: Հիմնական պատճառը նաև ազգային փոքրամասնությունների քիչ
թվով ներգրավված լինելն է տեղական ինքնակառավարման ու այլ պետական մարմիններում:

«Ազգային փոքրամասնությունների ձայները
չպետք է օգտագործվեն միայն ընտրության ժամանակ քվե ստանալու համար, կարևոր է նաև այն,
որ ԱԺ-ում հայտնվեն նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, ում քվոտաներ կտրվեն,
ու ոչ թե նրանք ստիպված ամբողջական պայքարի մեջ կլինեն համընդհանուր օրենքներով»,-
համոզված է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր
Չունտուլովը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության
պետ Վարդան Ասցատրյանը կարծում է, որ առկա խնդիրները ամեն դեպքում շտկվելու են:

«Հարցեր լինում են զագսի հետ կապված, երբ  փաստաթղթի ռուսերեն տարբերակն են ուզում: Իրավունքների
ուղղակի խախտում չէ, բայց իրավունքների ապահովման խնդիր է ուսուցիչների բացակայության
փաստը դպրոցներում: Բայց սա էլ օբյեկտիվ խնդիր է. ուսուցիչների աշխատավարձը ցածր է՝
փոքրամասնության ներկայացուցիչները չեն ձգտում ուսուցիչ դառնալ, իսկ հայերը չեն ուզում
դասավանդել իրենց դպրոցներում, այն դեպքում, երբ պետությունը մրցույթից դուրս նրանց
կարող է ներգրավել այդ աշխատանքների մեջ»,- ասում է Ասցատրյանը:

Նա նշում է, որ չնայած հայերը ամբողջ աշխարհով սփռված են, բայց ոչ մի պետության
կողմից աջակցություն չեն ստանում ու իրենք են իրենց կարիքները հոգում, իսկ Հայաստանում
գոնե տարեկան 10 միլիոն դրամ են հատկացնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

2001թ. մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանում կա մոտ 80 հազար ազգային փոքրամասնության
ներկայացուցիչ՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, գերմանացիներ, ասորիներ, բելառուսներ, ուկրաինացիներ,
հրեաներ և այլն:

«Հայկական միջավայրում հազարավոր տարիների ընթացքում ձևավորվել է ազգային  այլ ներակայացուցիչների հետ շփվելու մշակույթ, քանի
որ Հայաստանը պատմական խաչմերուկ է եղել, սովետական տարիներին էլ ըստ էության Հայաստանն
է փոքրամասնություն եղել»,- նշում է Խառատյանը: