Արվեստն ընդդեմ ընտրակաշառքների

Արվեստագետները բարձրաձայնում են Հայաստանում նախընտրական
շրջանում ընտրակաշառքների գոյության ու այդ երևույթի արատավորության մասին՝
կազմակերպելով հատուկ ցուցահանդես:

«Արտ Լաբորատորիա» արվեստագետների խումբը Հովհաննես Թումանյանի
տուն-թանգարում «Թումանյանական ընթերցումներ» խորագրով հատուկ ցուցահանդես է անցկացնում,
որտեղի ցուցանմուշները Հայաստանում տարածված ընտրակաշառքներն են՝ մուրաբա,
կարտոֆիլ, տիկի թել, ասֆալտ, 5000 դրամանոց և այլն:

2007թ.-ից ընտրական գործընթացի մշակութային միջոցառումները քննադատող «Արտ լաբորատորիան» այս տարի իր ուշադրությունը կենտրոնացրել է 5000 դրամանոց կաշառքների վրա:

«Քանի որ թղթադրամի վրա պատկերված է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի նկարը, մենք կազմակերպել ենք հատուկ թումանյանական ընթերցումներ ու հենց հատուկ այս
թանգարանում»,- ասում է լաբորատորիայի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը:

Ցուցահանդեսին ներկայացված
է նաև «Հորիզոն» թերթը, որտեղ ժամանակին հոդվածներ է հրապարակել Թումանյանը: Այնտեղ
կան ինչպես Թումանյանի, այնպես էլ ժամանակակից արվեստի գործիչների, հրապարակախոսների
հոդվածներ, որոնք քննադատում են կաշառակերություն երևույթը:

Արվեստի քննադատ Վարդան
Ջալոյանը մեկն է այդ հոդվածների հեղինակներից: Նա
www.hra.am –ին հայտնում է, որ կոռուպցիան 5 կամ 10 հազար դրամ վերցնելը
չէ.

«Իմ համար կոռուպցիան
վատ արվեստն է: Իմ համար կոռուպցիան այն է, երբ մտավորականը լռում է տեսնելով անարդարությունը:
Սերժը և Ռոբերտը ստիպում են, որ փողատերերը ռաբիզ երաժշտության սպոնսորներ լինեն: Սա
կոռուպցիայի ամենաբնորոշ և նողկալի դրսևորումներից մեկը»,- կարծում  է Ջալոյանը:

Ցուցահանդեսի առանցքը,
Ջալոյանի համոզմամբ, Թումանյանի «Դառնացած ժողովուրդը» հոդվածն է, որն ավելի ստույգ
է մեր օրերի համար, քան այն ժամանակ:

« Գրականությունը և արվեստը
հարկավոր են նրա համար, որ Թումանյանի նման անկեղծ և ազնիվ մարդիկ լինեն, դա է հակակոռուպցիոն
պայքարը: Բայց կոռումպացված իշխանությունները հովանավորելու են վատ, նողկալի արվեստը,
«ռաբիսը իրնեց զենքն է»: Լավ արվեստի և լավ հասարակություն կապը պետք է ցույց տալ»,-
կարծում է Ջալոյանը:

«Արտ Լաբորատորիայի» արվեստագետներից Արթուր Պետրոսյանն էլ ասում է, որ իրենք տարբեր
քաղաքական իրադարձությունների ժամանակ կարևորում են քննադատական ասելիքով նման ցուցադրությունները
ու որպես ժամանակակից արվեստագետներ չեն կարող լռել անօրինականությունների մասին:

«Մարդուն մուրաբա են տալիս՝ հույս ունենալով, որ իրեն պետք է ընտրեն, սա անհատի
նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ամենավառ դրսևորումն է»,- համոզված է Պետրոսյանը: