Գորիսում զինծառայողների կուտակումներ են եղել

Գորիս քաղաքի 37/1 ընտրատեղամասում ժամը 08։20–ի սահմաններում
մեծ թվով զինծառայողների հոսք է եղել։ Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Ակլունցը նրանց
դուրս է հրավիրել ընտրատարածքից՝ խնդրելով կուտակումներ չառաջացնել: Այս մասին հայտնում
է «Նոյյան տապան» լրատվական գործակալության թղթակիցը։

Նրա հաղորդմամբ՝ 37/1 ընտրատեղամասում գրանցված է 1500 ընտրող։
Եվս 300 զինծառայող կքվեարկեն լրացուցիչ ցուցակով, միայն համամասնական կարգով։

Ընտրատեղամասը բացվել է 08։03 րոպեին։ Հաձնաժողովի նախագահի
հայտնած տվյալներով՝ 08։50-ի դրությամբ քվեարկել է 55 զինծառայող և 21 քաղաքացի:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Տաթևիկ Մկրտչյանը
նշել է, որ այս պահի դրությամբ ոչ մի ընտրախախտում չի արձանագրվել:

«Հիմնաքար» ՀԿ անդամ, դիտորդ Ջուլիետա Խաչատրյանի խոսքերով՝
մինչ այս պահը ընտրությունները նորմալ են ընթանում:

«ՆՏ»–ի թղթակիցն առավոտյան
ժամը ութից գտնվում է Գորիսում, որտեղ բաց են բոլոր 9 ընտրատեղամասերը: Նշված 9 ընտրատեղամասերի
ընտրողների ընդհանուր թիվը 15.919-ն է։

Մերի Հունանյան


«Նոյյան տապան» ԼԳ

«Ընտրություններ 2012»
 իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում
է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում
՝ «Նոյան տապան» ԼԳ։