ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրական Գյումրի
Գյումրիի թիվ 37 դպրոցում
տեղակայված 34/08 ընտրատեղամասում աննախադեպ կուտակումներ էին: Մեր այցելության պահին
ընտրատարածքում միաժամանակ 23 ընտրող կար: Այստեղ միջադեպ էր գրանցվել հանձնաժողովի
նախագահի եւ քարտուղարի միջեւ, սակայն վերջինս հրաժարվեց պարզաբանում տալ այդ կապակցությամբ՝
ասելով, որ ամեն ինչ հարթվել է եւ չի ուզում իրավիճակը սրել: Չհաջողվեց գտնել նաեւ
այն վստահված անձին, ում հանձնաժողովի նախագահ Մելքոնյան Սվետլանան զգուշացրել էր,
որ կհեռացնի տարածքից: Թիվ 34/08 ընտրատեղամասում գրանցված 1800 ընտրողներից ժամը
13-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր 380-ը:
Լրագրողի մասնագիտական
պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ «Կենտրոն» հեռուստաընկերության
լրագրող Նազելի Յարալյանի կողմից Գլխավոր դատախազությունը հաղորդում էր
ստացել: Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը հաստատեց տեղեկատվությունը՝ նշելով,
որ հաղորդագրությունն անմիջապես ուղարկվել է իրենց:
Ինչպես հաղորդվել էր,
միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի
եւ «Կենտրոնի» օպերատոր Վարազդատ Պապիկյանի միջեւ: Լրագրողական խումբն այդ ժամանակ
նկարահանումներ է կատարել թիվ 35/25 ընտրատեղամասում, որըտեղակայված է թիվ 6
դպրոցում: Այս ընտրատեղամասը գտնվում է «Սլաբոդկա» թաղամասում, որտեղ հիմնականում
տեր ու տնօրինություն են անում ղուկասյանականները:
Այս պահին նյութեր են
նախապատրաստվում ոստիկանությունում, գործն ուսումնասիրման փուլում է եւ ավելին,
քան տարածած պաշտոնական տեղեկատվությունն է, ինքը հայտնել չի կարող: Դատախազը
հրաժարվեց տալ խոչընդոտող անձի անունը՝ նշելով, որ դա կանեն փաստերը մանրամասն
ստուգելուց հետո:
Երանուհի Սողոյան
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ «Հետք» օնլայնի։
