ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավապահ մարմիններն ամփոփում են քվեարկության օրը ստացած ահազանգերը

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է, որ մայիսի 6-ին՝ ժամը 8:00-ից մինչև մայիսի
7-ի ժամը 6:00-ը, ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ ընտրությունների վերաբերյալ
129 տեղեկություն է ստացվել, որոնք վերաբերել են ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումներին,
խուլիգանական գործողություններին, ընտրացուցակների անճշտություններին, քվեաթերթիկների
պակասին, ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելուն, կրկնակի ընտրության փորձերին,
ընտրակաշառքին, հակաքարոզչությանը և այլ խախտումներին:
Նույն
աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության թեժ գծին ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ
մասեր` 59, ինտերնետային կայքերից` 41, դիտորդներից` 2 տեղեկություն: Դրանց
իսկությունը ճշտելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ, նախապատրաստվել
նյութեր, հրապարակվել են պարզաբանումներ: Տեղեկությունների մի մասը հերքվել է,
մյուսներով քննությունը շարունակվում է:
Մայիսի
6-ի ժամը 23:00-ի դրությամբ՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84
հաղորդման, որոնցից 20-ը ստացվել է դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին
ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված ԶԼՄ մոնիտորինգի արդյունքում:
Հարուցվել
է 3 քրեական գործ` 2-ը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով («Ընտրողի կամքի
ազատ իրականացմանը խոչընդոտելը»), 1-ը` 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության
ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն
գործադրելը): Ստացված հաղորդումներից 1-ով տրվել է պարզաբանում, 1-ն ուղարկվել է ԿԸՀ-ի
քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
