Տուգանել են 1 միլիոն դրամով՝ լռության օրվա կանոնները խախտելու համար

Ընտրությունների օրը քարոզչական բնույթի տեսանյութ հեռարձակելու համար «Կենտրոն» հեռուստաընկերության վերադաս «Մուլտի Մեդիա- կենտրոն թիվի» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր տուգանվեց 1 միլիոն դրամով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից:

Ընտրության օրը հեռուստաընկերության լրատվական հաղորդման ընթացքում ուղիղ եթերով ցուցադրվել է Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի մեծամասնական ցուցակով ներկայացած ու համամասնական ցուցակում էլ 5-րդ տեղում գտնվող ԱԺ պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Զուրաբյանն ասել է.

«Տեղամասերը վերածվել են քաոսի, որտեղ մարդիկ ինչ ասես չեն արել՝ և լցոնել են, և մի քանի անգամ քվեարկել, մեր վստահված անձինք ասում են, որ գնում են շորերը փոխում են ու գալիս են նորից քվեարկում են, հանրային տրանսպորտը կցված է հանրապետականներին... Մենք ևս մեկ անգամ հիմա կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, որ միակ ձևն այս ընտրակեղծիքների դեմը առնելու այն է, որ բոլորդ ակտիվորեն գաք, մասնակցեք ընտրություններին և Ձեր ձայնը որևէ դեպքում չտաք ընտրակեղծարարության կազմակերպիչներին և գլխավոր հանցագործներին՝ հանրապետական կուսակցությանը»:

ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ընտրությունների և հանրաքվեների մասին ՀՀ oրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Հենց այս օրենսդրական դրույթները հաշվի առնելով՝ ՀՌԱՀ-ը տուգանեց հեռուստաընկերությանը։ «Կենտրոնի» շահերը ներկայացնող իրավաբան Արա Սաղումյանը նշեց, որ համաձայն չէ կայացրած որոշման հետ, քանի որ ՀՌԱՀ-ը հաշվի չի առել, որ հեռուստատեսությունը չէր կարող վերահսկել ուղիղ եթերը:

«Իսկ եթե ուղիղ եթեր չլիներ հեռուստաընկերությունը, իհարկե, կհաներ այդ հատվածը»,- ՀՌԱՀ-ին վստահեցրեցին ինչպես փաստաբանը, այնպես էլ՝ ՓԲԸ-ի ներկայացուցիչները:

ՀՌԱՀ-ի որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում՝ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 15–օրյա ժամկետում:

Սաղումյանը www.hra.am–ին փոխանցեց, որ դեռ չգիտի՝ ինչ կանեն ապագայում, բայց չի բացառվում, որ բողոքարկեն ՀՌԱՀ-ի որոշումը:

Նշենք, որ այս հարցը կարգավորվում է նաև «Վարչական իրավախախտումների վերբերյալ» ՀՀ օրենսգրքով, որի 401 հոդվածի համաձայն քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը զանգվածային լրատվության միջոցներով առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Լևոն Զուրաբյանին պատասխանատվության կանչելու վերաբերյալ դեռ ոչ մի խոսակցություն չկա, բայց լինելու դեպքում կգործի նույն հոդվածի առաջին մասը, որի համաձայն՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելու համար նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հիգհարյուրապատիկի չափով: