Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բավարար հիմքեր չկան. Տ.Մուկուչյան

«Եթե ՀԱԿ-ը համոզված էր, որ ընտրությունների արդյունքները կեղծվել
են, ապա ուներ բոլոր հնարավորությունները դրանք արձանագրելու և դիմելու ԿԸՀ, ինչն,
ըստ էության, չի արվել»,- նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան
Մուկուչյանը այսօր Սահմանադրական դատարանում:

Հիշեցնենք, որ
ՀԱԿ
կուսակցությունների դաշինքը ՍԴ-ում բողոքարկում է
մայիսի
6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների համամասնական ընտրակարգով արդյունքները և պահանջում է անվավեր ճանաչել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2012թ. մայիսի 13-ի թիվ
265-
Ա որոշումը:

Այսօրվա նիստը սկսվեց պատասխանող կողմի՝ ԿԸՀ նախագահ Տիգրան
Մուկուչյանի հակափաստարկների ներկայացմամբ: Նա մասնավորապես նշեց, որ հանրապետության
ողջ տարածքում տեղակայված 1982 ընտրատեղամասերից 73 տոկոսում ՀԱԿ-ն ունեցել է իր վստահված
անձանց, սակայն այդ քաղաքական ուժի կողմից իրենք ստացել են վերահաշվարկի ընդամենը
4 դիմում:

ԿԸՀ նախագահը պնդեց, որ ՀՀ սահմանադրությունը չի արգելում գործող
նախագահին իր պաշտոնական այցերին զուգահեռ մասնակցել նաև կուսակցական քարոզչությանը:
Բացի այդ, ըստ Մուկուչյանի, ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀԱԿ-ը ԿԸՀ-ին կամ
դատարան չի ներկայացրել որևէ ծանրակշիռ փաստ՝ ապացուցելու, որ նախագահը չարաշահել է
իր լիազորությունները և օրենքով արգելված քարոզչություն է իրականացրել:

Տիգրան Մուկուչյանը նաև հակադարձեց ՀԱԿ-ի այն պնդումներին,
թե քվեարկությանը մասնակցել են հանրապետությունից բացակայող և մահացած քաղաքացիներ. «Համոզված եմ, որ ասվածն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ, քանզի այդ կապակցությամբ մերկապարանոց հայտարարություններից բացի որևէ ապացույց չի ներկայացվել»:

Նիստը
կշարունակվի մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին. կողմերը հանդես կգան եզրափակիչ խոսքով: