ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրգործը պետք է հարուցվեր խուլիգանության հոդվածով. Ռ.Գրդզելյան

«Ռեգնում» լրատվական գործակալության
երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազության քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանի միջև տեղի ունեցած վիճաբանության փաստի առթիվ
քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ
առողջությանը թեթև վնաս պատճառելը):
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին խմբագիրը հաղորդում
էր ներկայացրել ոստիկանություն, որ գիշերը 23:00-ի սահմաններում ծեծի է ենթարկվել չորս
անձանց կողմից, որոնց թվում են եղել դատախազ Մանրիկյանը և նրա որդին:
Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
և գտնվում է նախաքննության փուլում:
«Իմ կարծիքով` քրեական գործը պետք է հարուցվեր
Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով, որովհետև խուլիգանության դեպք է տեղի ունեցել:
Բայց իմ ընկեր փաստաբաններն ասացին, որ հիմնականում խուսափում են խուլիգանության հատկանիշներով
քրեական գործ հարուցել»,- www.hra.am –ի հետ զրույցում ասաց Գրդզելյանը:
Նրա խոսքերով՝ դեռևս ոչ ոքի մեղադրանք առաջադրված
չէ: Սակայն խմբագիրը չի բացառում, որ նաև իրեն մեղադրանք առաջադրվի, քանի որ դատախազ
Մանրիկյանը հենց սկզբից պնդել է, որ Գրդզելյանն է սկսել վիճաբանությունը, անպատվել
է իրեն և հարվածել:
Նշենք, որ դիտավորությամբ առողջությանը թեթև
վնաս պատճառելը (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված) պատժվում է տուգանքով՝ 50.000-ից
100.000 դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: Իսկ խուլիգանությունը,
որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է 300.000-500.000 դրամ տուգանքով
կամ կալանքով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
