Դատավորների սխալների պատճառով տուժում է պետությունն ու ՀՀ հարկատուն

Հայաստանում դատարաններն արդարադատություն
չեն իրականացնում, ինչի հետևանքով տուժում է պետությունը և մենք՝ ՀՀ հարկատուներս.
այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքերով՝ փաստաբանները տարիներ
շարունակ բարձրաձայնում են, որ անձի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառումը՝ 
առանց քրեական
գործով ձեռքբերված որևէ հիմնավոր ապացույցի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում է: Սակայն դատարանները շարունակում
են, փաստաբանի խոսքերով՝ «մեխանիկորեն բավարարել» խափանման միջոցը կալանք կիրառելու անհիմն միջնորդությունները, իսկ Վճռաբեկ դատարանը չի հետևում իր կողմից կայացված նախադեպային որոշումներին և  «աչք է փակում» ստորին ատյանների դատարանների այս գործելաոճի վրա:

«Վճռաբեկ դատարանը խաղի կանոններ
չսահմանեց, որ մենք իմանանք խաղի կանոնները և հետևենք դրանց»,- ասում է Լ.Սահակյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ունեցած
տվյալներով՝ ՀՀ դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում(ՄԻԵԴ) 44 բողոք կա: Փաստաբանը
սա մեծ թիվ է համարում Հայաստանի նման երկրի համար և կանխատեսում է, որ բողոքների քանակը
գնալով ավելանալու է: «Իսկ եթե խախտում կատարող դատավորները պատժվեին, այդքան գանգատներ
չէին ուղարկվի»,- ասում է նա:

Օրերս ՄԻԵԴ-ը բավարարել է փաստաբանների
գանգատը քաղաքացի Կամո Փիրուզյանին մեկ տարի 2 ամիս ժամկետով ապօրինի կալանքի տակ պահելու
վերբերյալ, և իր որոշման մեջ շեշտել, որ Քրեական դատավարության օրենսգրքի 138 և
143 հոդվածները հակասում են ՄԻԵԿ 5-րդ հոդվածին և չպետք է կիրառվեն:

Փաստաբաններն իրենց խոսքում նշեցին,
որ իրենք պայքարում են, որ ներպետական դատարաններում խախտումներ չլինեն և իրենք ՀՀ
դեմ ՄԻԵԴ գանգատներ ուղարկելու կարիք չունենան, սակայն ներպետական ատյաններում չեն
տեսնում այս խնդիրների լուծման ուղղությամբ կիրառվող քայլեր՝ հատկապես Վճռաբեկ դատարանի
կողմից:

«Մենք պայքարում ենք հանուն նրա,
որ բոլոր այն դատավորները, որոնք թույլ են տալիս խախտումներ, ենթարկվեն պատասխանատվության
և իրենք վճարեն փոխհատուցման գումարներն իրենց գրպաններից, այլ ոչ թե մենք՝ հարկատուներս,
վճարենք նրանց սխալների համար»,- ասում է 
Երվանդ Վարոսյանը՝ ավելացնելով, որ եթե դատավորները
պատժվեն, նույն սխալը չեն կրկնի: