Ցմահ դատապարտյալ Արծրունու գործով դատաքննությունն ավարտվեց

Հուլիսի 2-ին
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացավ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու
գործով արտագնա վերջին դատական նիստը: Դատաքննություն ավարտվեց, և հուլիսի 12-ին ժամը
11-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 
Վոլոդյա Գրիգորյանը կհրապարակի վճիռը:

Հիշեցնենք,
որ
Արսեն Արծրունին անազատության մեջ է արդեն 17 տարի: ՀՀ գերագույն
դատարանը 1996թ նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանություններ դրդելու մեջ և դատապարտել
է մահապատժի: 2006թ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդության
հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի
2003թ. փոփոխություններին:

Տարիներ անց՝ 2011թ., Արծրունու փաստաբանը
պարզել է, որ 2006թ. կայացրած դատական ակտում կա տեխնիկական սխալ. մեղադրանքին ավելացված
է ևս մեկ հոդված (երկու անձանց սպանություն), որը չկար դատավճռում: Փաստաբանը
բողոքարկել է վճիռը, և 2011թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է 2006թ.
կայացված դատական ակտը և գործն ուղարկել է Էրեբունի
և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Հուլիսի 2–ին
դատարանում ռեպլիկով հանդես եկան Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունին և գործում
ներգրավված նոր պաշտպան Ռուբեն Ռշտունին:

Նարինե
Ռշտունին անհիմն է համարում դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ հանցանքները
վերաորակել  ՀՀ քրեական օրենսգրքի 222
հոդվածի և  38-104 հոդվածների 2-րդ մասի
1-ին կետով և ցմահ ազատազրկումը թողնել անփոփոխ:

Փաստաբանը պնդեց,
որ պաշտպանական կողմի կարծիքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 23.05.2011թ. փոփոխություններով
104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել և Արսեն Արծրունու գործողությունները
պետք է որակվեն  38–104 հոդվածի 1-ին մասով՝
2 առանձին դրվագներով, այլապես դա կդիտվիորպեսնույնարարքիհամարկրկինանգամդատվելուդեպք:

«Եթե 93թ. մեղադրյալը գողանար
իքս գումար և ապա 94թ.՝ ևս իքս գումար, իսկ այդ երկու իքս գումարները իրար հետ կազմեին
առանձնապես խոշոր չափի գումար, արդյո՞ք այդ երկու հանցագործությունների գումարը պետք
է վերցնենք և անձին դատապարտենք առանձնապես խոշոր չափերի գողության մեջ, եթե կատարվել
է 2 առանձին գողություն և այն էլ մեկ տարվա տարբերությամբ»,- այսպիսի համեմատություն
է անում պաշտպանը:

Պաշտպանական
կողմը գտնում է, որ մահապատիժը պետք է փոխարինվի 12 տարի ազատազրկմամբ և Արծրունին
պետք է ազատ արձակվի, իսկ դատախազի միջնորդությունը պետք է մերժվի:

Պաշտպան
Ռուբեն Ռշտունին էլ իր ռեպլիկում նշեց, որ մեր դատապարտյալների 1/3-ը կա՛մ անմեղ
են դատապարտված, կա՛մ դատապարտված են սխալ՝ ավելի ծանր հոդվածներով, քանի որ «դատարանները
շարունակում են մնալ դատախազության կցորդները»: Խոսելով արդարադատության նկատմամբ
հասարակության անվստահության մասին՝ փաստաբանը կոչ արեց դատարանին «փայլեցնել
արդարադատության վերջին շողը»:

Դատարանը
հեռացավ խորհրդկացության սենյակ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հուլիսի 12-ին՝ ժամը 11:00-ին:

Լուսանկարը՝ Իննա Մխիթարյանի.Վահան Իշխանյանի բլոգից