ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանի վճռով՝ Վլադիմիր Գասպարյանը ՀՔԱՎ գրասենյակի համբավը չի արատավորել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանը (դատավոր՝ Ալեքսեյ Սուքոյան) հուլիսի 20-ին որոշում կայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝
զրպարտության միջոցով գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին՝
մերժել:
Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը պահանջում էր ոստիկանապետին
պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել 2011թ. հոկտեմբերին տված
հարցազրույցներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
հասցեին արված վիրավորական և զրպարտիչ արտահայտությունների համար և նրանից բռնագանձել խորհրդանշական 10 դրամ:
Արթուր Սաքունցը www.hra.am –ին ասաց, որ միանշանակ բողոքարկելու է վճիռը։
Դատարանը գտավ, որ 17.10.2011թ. www.hraparak.am կայքում
հրապարակված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» վերնագրով նյութում և 15.10.2011թ. «Զինուժ» ծրագրում Վ.
Գասպարյանի կողմից տրված հարցազրույցներում տեղ գտած արտահայտությունները ոչ թե տեղեկություններ են, այլ՝ գնահատողական
դատողություններ, որոնք ենթակա չեն ապացուցման, և, բացի այդ, վիրավորանք և
զրպարտություն չեն պարունակում հայցվորի՝ ՀՔԱՎ գրասենյակի հասցեին:
«Դատարանն անդրադառնալով «20 տարեկան պոչիկով լակոտներ» և
«չորսոտանիներ» արտահայտություններին, գտնում է, որ դրանք ուղղված են ոչ
հայցվորին, այլ ՀՀ պաշտպանության նախարարին վիրավորանք հասցրած անձնաց, ինչը հստակ
երևում է այդ հոդվածում։ «Հելսինկյան կազմակերպություններ» արտահայտությունը չի
հանդիսանում հայցվոր կազմակերպության անվանումը, քանի որ վերջինս կոչվում է
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ : ...Երկու դեպքում
էլ կատարված արտահայտություններն ուղղված են անձանց անորոշ շրջանակի և կոնկրետ
Կազմակերպության անվամանումն ոչ մի կերպ չի հիշատակվում»,- գրված է դատարանի
կայացրած վճռում։
Դատարանն իրավացի համարեց պատասխանող կողմի այն պնդումը, որ
անձը չի կարող իր սուբյեկտիվ ընկալումների արդյունքում որևէ տեղեկատվություն
վերագրել կամ չվերագրել իրեն. տեղեկատվության վերաբերելիությունն անձին պետք է լինի
հստակ և որոշակի:
