ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստեփան Հովակիմյանը դատարանի դահլիճում ինքնավնասում արեց

«Մոսկվա» կինոթատրոնի գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը
հուլիսի 26-ին կայացած նիստի ժամանակ դատարանի դահլիճում ինքնավնասման փորձ կատարեց:
Նա փորձեց ձեռքի երակները կտրել այն բանից հետո, երբ դատարանը
(նախագահող դատավոր՝ Մխիթար Պապոյան) բավարարեց մյուս մեղադրյալի՝ Վահրամ Քերոբյանի
պաշտպանների միջնորդությունը վերսկսել դատաքննությունը և լրացուցիչ հարցաքննել Վահրամի մորը:
Ի դեպ, դատախազ Սամվել Հարությունյանը չառարկեց միջնորդությանը,
թեև Վահրամ Քերոբյանն ասաց, որ դեմ է միջնորդությանը:
Վահրամ Քերոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը
նշեցին, որ Վահրամի մայրը՝ Ռուզաննա Քերոբյանը, շատ կարևոր տեղեկություններ ունի դատարանին հաղորդելու,
որը «էական նշանակություն ունի գործի համար, և էապես կփոխի գործի ելքը»:
Ինքնավնասումից հետո դատավոր Մխիթար Պապոյանը նիստն ընդմիջեց և կարգադրեց
շտապօգնություն կանչել: Ստեփան Հովակիմյանին բուժօգնություն ցուցաբերեցին, վնասվածքը
փոքր էր:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվեց Ս.Հովակիմյանի բացակայությամբ:
Դատարանը կարգապահական տույժ կիրառեց՝ ամբաստանյալին 2 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից, քանի որ նա խախտել է դատական նիստի բնականոն ընթացքը:
Դատարան կանչվեց և հարցաքննվեց Ռուզաննա
Քերոբյանը: Նա ասաց, որ հուզված է և կցանկանար ոչ թե բանավոր խոսել, այլ գրած ցուցմունքը
կարդալ: Մոտ մեկ էջից բաղկացած ցուցմունքում նա մասնավորապես նշում էր, որ պատահաբար
լսել է իր որդու և Ստեփան Հովակիմյանի հեռախոսային խոսակցությունը, թե ինչպես էր վերջինս
իր տղային համոզում, որ «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարի:
«Վահրամը երկար չի համաձայնվել, սակայն Ստեփանի խնդրանքին տեղի
տալով ի վերջո համաձայնվել է: Ստեփանը նրան տվել է դրամարկղի բանալին, Վահրամը մտել
է կինոթատրոն, Ստեփանը զանգահարել է նրան պահարանի բանալու տեղը հիշեցնելու համար,
որդիս կարճ, ինչ-որ կցկտուր պատասխաններ է տվել, թե չի անելու ու անջատել է հեռախոսը:
Մի երկու անգամ էլ որդիս է զանգել, նորից կարճ ասել, որ գողություն չի անի, ու անջատել
հեռախոսը: Ստեփանը անընդհատ փորձել է կապվել որդուս հետ ու համոզել, որ որդիս մտնի
դրամարկղ և կատարի գողությունը: Որդիս վերջնականապես հրաժարվել է կատարել գողությունը,
ասել է, որ չի մտել դրամարկղ չի էլ մտնելու: Ստեփանին չի հաջողվել համոզել Վահրամին
և, ի վերջո, Վահրամը, դուրս գալով «Մոսկվա» կինոթատրոնից, նրան է վերադարձրել դրամարկղի
բանալին ու հեռացել»,- գրված է Ռուզաննա Քերոբյանի ցուցմունքում:
Վահրամի մայրը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի:
Դատախազը միջնորդեց
լրացուցիչ հարցաքննել Վահրամ Քերոբյանին, սակայն վերջինս, օգտվելով իր իրավունքից,
հրաժարվեց հարցաքննությունից և հարցերին պատասխանելուց:
Ցուցմունքից հետո միջնորդությամբ հանդես եկավ Վահրամ Քերոբյանի
պաշտպան Լուսինե Սահակյանը՝ խնդրելով Վահրամի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով,
քանի որ դատական քննության ընթացքը ցույց տվեց, որ «Վահրամ Քերոբյանը փաստացի հրաժարվել
է հանցագործություն կատարելուց»:
Միջնորդությանը ոչ ոք չառարկեց, անգամ՝ մեղադրող կողմը:
Դատարանը հեռացավ խորհրդակցության և վերադառնալով հրապարակեց
կայացրած դատական ակտը: Դատարանը որոշեց պաշտպանի միջնորդությունը բավարարել և ամբաստանյալ
Վահրամ Քերոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավ՝ 500.000
ՀՀ դրամի չափով:
Նա ազատ կարձակվի, երբ դատարան ներկայացվի գրավի վճարման կտրոնը: Դատական քննությունը կշարունակվի օգոստոսի 14-ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողանալու մեջ: Նրանք կալանավորված են երկու տարուց ավելի: Կալանավորելու հիմք է ծառայել Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, ձեռք է բերվել խոշտանգման արդյունքում: Նրանց մեղքն ապացուցող այլ հանգամանք գործում առկա չէ:
