ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տեղի ունեցավ «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը

Տեղեկատվության ազատության միջազգային օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Ոսկե բանալին, որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց վեց անձանց և կազմակերպությունների, իսկ փակ և վատ աշխատանքի խորհրդանիշ «ժանգոտ
կողպեքն» այս տարի չգտավ իր հասցեատիրոջը։
«Սա շատ լավ ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին և այն դրական միտումի մասին, որ գրանցվում է տարեցտարի։ Եթե հաջորդ տարի
էլ նույն պատկերը կրկնվի, ուրեմն մենք կարող ենք հաստատապես արձանագրել, որ Հայաստանում
կա առաջընթաց տեղեկատվության ազատության ոլորտում»,– ասում է «Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։
Ոսկե բանալիներ շնորհվեցին՝
ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին (www.mta.gov.am)` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն,
Աննա Իսրայելյանին՝ (www.aravot.am և Ազատություն ռադիոկայան)` որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող,
CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։
Այս տարի ԻԱԿ-ի հատուկ մրցանակը շնորհվեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար։
