Ձերբակալեցին պաշտոնից հեռացվելուց մոտ երկու տարի անց

Կենսաթոշակների նշանակման և վճարման համակարգում բացահայտված չարաշահումների
փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ՀՀ սոցիալական ապահովության  պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին
պատգամավոր Վազգեն Խաչիկյանը։ Նրա նկատմամբ որպես
խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Այս
մասին հայտնում ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 28-ին Խաչիկյանին մեղադրանք է
առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 179-րդ
հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետ (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր
չափերով, կազմակերպված խմբի կողմից), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն,
որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիքը):
Այս երեք հոդվածները միասին նախատեսում են նվազագույնը 9, առավելագույնը՝ 20 տարի
ազատազրկում։

Նույն քրեական գործով ձերբակալվել են նաև Սոցիալական ապահովության պետական
ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Վերջիններս մեղադրվում են կազմակերպված խմբի
կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու և պաշտոնեական կեղծիք
կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 314 հոդված)։

Հիշեցնենք,
որ դեռ անցած տարի ՀՀ վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում
կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերել էր խախտումներ. մահացած
թոշակառուներին թոշակներ էին վճարվել, որոշ դեպքերում վճարումը կատարվել էր կրկնակի,
ստաժի ավել հաշվարկմամբ և այլն։

Փաստի
առթիվ 2011-ի մայիսին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել։ Ըստ
դատախազության տարածած հաղորդագրության՝ 2009-2010 թվականների ընթացքում
կենսաթոշակների ոլորտում չարաշահումների և կեղծարարությունների հետևանքով պետական
բյուջեից յուրացվել է ավելի քան 113 միլիոն դրամ:

Մինչ
քրեական գործի հարուցումը՝ 2010 թվականի դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանն արդեն ազատվել
էր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ ՀՀ վարչապետի
որոշմամբ։

Դատախազությունից հաղորդում են, որ ՀՀ ոստիկանության քննչական
գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է կ
ենսաթոշակների
նշանակման և վճարման համակարգում բացահայտված չարաշահումների առթիվ 2011թ. մայիսին
հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2012 թվականի
սեպտեմբերի 28-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 29 անձանց: Քրեական գործից անջատվել և դատարան է ուղարկվել 12 անձանց վերաբերյալ 3 քրեական գործ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ: