ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երկու զինվոր է մահացել ոչ մարտական պայմաններում

Հոկտեմբերի 1-ին ԼՂՀ զորամասերից մեկում մահացել է ժամկետային զինծառայող 18-ամյա Մնացական Թորգոմի
Մնացականյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտապանության նախարարության պաշտոնական կայքը՝ նշելով միայն, որ զինծառայողը մահացել է խաղաղ պայմաններում:
www.hra.am –ը հավելյալ պարզաբանումների
համար դիմեց ՊՆ քննչական վարչություն։ Հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը հաղորդեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով՝ ինքնասպանության հասցնելը։
2012թ գարնանը Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված Մնացական
Մնացականյանը, ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների,
ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով և գրություն
է թողել: Պն քննչական վարչությունից
ոչ հաստատեցին և ոչ էլ հերքեցին այդ լուրը՝ պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում:
ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 30-ին Պաշտպանության բանակի անցկացրած զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 1985թ. ծնված զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը:
