ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստան–Եվրոպա կապի ամրապնդում՝ կամավորության միջոցով

Հոկտեմբերի 16–ին Հայաստանում
Եվրամիության պատվիրակության գրասենյակում կազմակերպվեց Եվրոպական կամավորական ծառայության
ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ
Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառույթների բաժնի ղեկավար Ժան–Քրիստոֆ Գայրանդը։
Նա ողջունեց հայ երիտասարդների հետաքրքրվածությունը և ակտիվ մասնակցությունը Եվրոպական
կամավորական ծառայության ծրագրերին, և ընդգծեց, որ Եվրամիությունը 2012 և 2013 թթ.
համար շարունակելու է ֆինանսավորել և ավելի ընդլայնել երիտասարդական ծրագրերը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի
երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց վիճակագրական
տվյալներ, որոնց համաձայն «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրերի շրջանակներում
առաջին կամավորները Հայաստան են եկել 2006թ.։ Այս տարիների ընթացքում Հայաստան ամենից
շատ կամավորներ են եկել Լեհաստանից, Չեխիայից և Ֆրանսիայից, իսկ հայ երիտասարդներն
ամենից շատ մեկնել են Գերմանիա, Ռումինիա և Ֆրանսիա։
«Ես, իսկապես, հիացած եմ այս
ծրագրի գաղափարով, քանի որ այն հնարավորություն է տալիս երիտասարդներին գտնել իրենց
համար կարևոր արժեքներ, դառնալ ավելի ինքնուրույն։ Եվրաինտեգրացիայի համար սա ամենակարևոր
գործիքներից է, քանի որ այսպիսով բազմաթիվ հայ երիտասարդներ հնարավորություն են ունենում
ճանաչել Եվրոպան, և նույն կերպ բազմաթիվ երիտասարդներ Եվրոպայից՝ ճանաչում են Հայաստանը»,
– www.hra.am –ին ասաց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ
Կիրակոսյանը։
Եվրոպական կամավորական ծառայության
ծրագրերի մասնակցիները՝ նախկին և ներկա կամավորները,
խոսեցին ծրագրերի շնորհիվ ձեռքբերած հաջողությունների և հմտությունների մասին։
Նելլի Գիշյանը պատմեց, որ սկսել
է վարել դասընթացներ՝ մարդու իրավունքների և երիտասարդների շրջանում քաղաքացիական ակտիվության
վերաբերյալ։ Նա նաև հրավիրվել է Ստրասբուրգ՝ ներակայացնելու Հայաստանը կամավորական
աշխատանքների և կրթական ծրագրերի խթանման քաղաքականության մշակմանը նվիրված հետազոտական
սեմինարին։
Հանդիպման երկրորդ մասում լուսանկարների
ցուցահանդեսի միջոցով հայ կամավորները ցուցադրեցին իրենց կամավորական ծառայության ամենահիշարժան
պահերը։ Մասնակիցներին սպասում էր նաև հատուկ հյուրասիրություն. Ֆրանսիայից, Սլովակիայից,
Չեխիայից և Լեհաստանից ժամանած երիտասարդ կամավորները պատրաստել էին ազգային ուտեստներ
և քաղցրավենիքներ։ Հայկական սեղանին էլ ավանդական հայկական գաթա էր։
Այս միջոցառումը հոկտեմբերի
5–ին մեկնարկած «Եվրոպական կամավորական ծառայություն» հանդիպում Հայաստանում–2012»
ծրագրի փակման արարողությունն էր, որն իրականացվում էր Եվրամիության «Youth in
Action» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում նախկին
կամավորների և հետաքրքրված երիտասարդների համար կազմակերպվել են դասընթացներ, իսկ հոկտեմբերի
7–ին՝ բացօթյա ռոք և ռեգի համերգ Սիրահարների այգում։
Միջոցառումներն իրականացվել են
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, «Այրուձի» և «Քաղաքացիական
հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների կողմից։
Մոնիկա
Հովհաննիսյան
