Պաշտպանն ամփոփեց իր գործունեության տարին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով Հայաստանում մարդու իրավունքների տեսանկյունից
ամենախոցելին դատարաններն են, սոցիալ–տնտեսական իրավիճակը և ընտրական գործընթացները։

Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ամփոփեց
իր ղեկավարած գրասենյակի գործունեության տարին։

2012-ին ՄԻՊ գրասենյակ է դիմել 5600 մարդ, որից 2290–ի դիմումներին ընթացք է տրվել, մյուսներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն։ Դիմումներից
820–ի դեպքում բողոքը եղել է հիմնավոր։ Քաղաքացիները
հիմնականում դժգոհել են հետևյալ պետական մարմիններից՝ ՀՀ
ոստիկանություն (167 բողոք), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (97 բողոք), ՀՀ արդարադատության նախարարություն (91 բողոք), ՀՀ պաշտպանության նախարարություն (68 բողոք), Երևանի քաղաքապետարան (52 բողոք):

Սակայն Պաշտպանը մարդու իրավունքների
խախտման որոշում է կայացրել միայն 27 դիմումների վերաբերյալ։ «Պաշտպանը պետական մարմնի
կողմից մարդու իրավունքների խախտման որոշում է կայացնում միայն այն դեպքում, երբ քաղաքացու
բողոքի հիման վրա դիմում է պետական մարմնին և տեղեկացնում է
խախտման մասին, սակայն ղեկավարությունը չի ընդունում իր սխալը և հրաժարվում է վերականգնել
իրավունքների խախտումը»,– պարզաբանում է Կարեն Անդրեասյանը։

Նա նշում է, որ օրենքի պահանջն
է նաև պետական մարմնին խախտումը վերացնելու հնարավորությունը տալը։ Եթե սխալը չի ուղղվել,
Պաշտպանը խախտման մասին հայտարարություն է արել, որի արձագանքը երբեմն եղել է այդ մարմինների
հակադարձ հարձակումներն ու մեղադրանքները կամ արդարանալու փորձերը։

2012-ին ՄԻՊ կայացրած խախտման
որոշումներով ՀՀ դատախազությունն ու ՀՀ պաշտպանության նախարարությունն են (6-ական խախտում),
այնուհետև՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (4 խախտում), Արդարադատության
նախարարությունը (3 խախտում), Երևանի քաղաքապետարանն ու Ոստիկանությունը (2-ական խախտում):

Հայաստանում Կարեն Անդրեասյանը
երեք հիմնական խոցելի ոլորտներ է առանձնացնում՝ «ամենամեծ խոցը, քաղցկեղը
դատարաններն են», երկրորդ տեղում սոցիալ–տնտեսական
խնդիրներին են՝ աղքատության
մեծ չափերը, ազատ մրցակցության բացակայությունը, իսկ երրորդ տեղում
ընտրական գործընթացները։

«Ճիշտ է 2012-ին մենք ունեցանք առաջընթաց այն մասով, որ չկային
բռնություններ և ակնհայտ կոպիտ խախտումներ տեղամասերում և ձայների հաշվարկի ժամանակ,
բայց դեռևս ընտրական գործընթացներին մեր հասարակությունը չի հավատում, և դրա մեղավորներն
են այն մարմինները, որոնք անցկացնում են ձևական քննություն, բողոքների ձևական ուսումնասիրություն,
այսինքն՝ այսօր խնդիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության և դատախազության
ձևապաշտական մոտեցումների մեջ է»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ Հ
այաստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակին ավելի մանրամասն
կանդրադառնա մարտ ամսին՝ ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնելիս։

Դեկտեմբերի 10-ը Մարդու
իրավունքների միջազգային օրն է։

1948 թվականի դեկտեմբերի
10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»,
որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները: Իսկ 1950թ-ից
հռչակագրի ընդունման օրը նշվում է որպես Մարդու
իրավունքների միջազգային օր
: