ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ծեծող ոստիկանը տկարամիտ է ու մսագործ». ոստիկանապետ

«Մենք միասին պայմանավորվել ենք, որ ծեծով, ջարդով բացահայտումներ
չեն լինում։ Երբ ուժ ես կիրառում հանցագործությունը բացահայտելու համար, ուրեմն անխելք
ես, երբ ուժ ես կիրառում, ուրեմն տկարամիտ ես և միտքդ չի աշխատում, դու մասնագետ չես,
ուղղակի մսագործ ես։ Ցավոք սրտի, մենք դեռ ունենք նման երևույթներ»,– դեկտեմբերի 18-ին Ոստիկանությունում կայացած նիստում
ասել է ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։
Նիստը վերաբերում էր 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ոստիկանության
աշխատանքին, սակայն ոստիկանապետը հարկ է համարել անդրադառնալ նաև համակարգում առկա
մի շարք հրատապ խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենում հանցավորության
դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման հարցում:
«Եթե հանցագործությունը ծեծով պետք է բացահայտվի, թող չբացահայտվի։
Մսագործությունը, ծեծը, ջարդը կատեգորիկ արգելել է պետք համակարգում։ Ուժով ցուցմունք
կորզելն իրեն չարդարացնող և մարդկային ոչինչ չպարունակող երևույթ է»,– հավելել է Վլադիմիր
Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում ներկայումս
քննվում է մի քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանի։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի
քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը
մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի և 314 հոդվածի հատկանիշներով՝
պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով և
պաշտոնեական կեղծիքը։
Ըստ գործի նյութերի՝ Բախբուդարյանը և Բարսեղյանը այս տարվա հոկտեմբերի
3-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկելու մի քաղաքացու՝ առանց արձանագրություն
կազմելու և համապատասխան գրանցում կատարելու,
աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ առողջությանը պատճառելով միջին
ծանրության վնաս։
Օպերլիազորները կալանավորված են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել
դեկտեմբերի 18-ին։
