ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մատաղիսի» գործ. արդարացման վճռը մնաց անփոփոխ
Մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «Մատաղիսի» հայտնի գործով վճիռը։ Դատարանը որոշեց անփոփոխ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ին կայացրած վճիռը, որով Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանն արդարացվեցին։
Վերջիններս մեղադրվում էին 2003 թվականին Մատաղիսի զորամասում իրենց երկու համածառայակիցների սպանության մեջ:
Մեղադրանքի հիմքում միայն Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքն էր, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով: Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ 2004թ. ապրիլի 19-ին՝ առաջին անգամ որպես վկա հարցաքննվելիս, ինքը զինվորական դատախազության քննիչների կողմից մի քանի օր շարունակ ենթարկվել է դաժան ծեծի , հոգեբանական ճնշումների և սպառնալիքների, որի արդյունքում խոստովանական ցուցմունք է տվել, որ կատարել է հանցագործությունը և որպես հանցակից նշել է Սերոբյանին և Զալյանին: Վերջիններս նույնպես հայտարարել են հարցաքննությունների ժամանակ քննիչների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին, սակայն երբեք իրենց մեղավոր չեն ճանաչել:
2005թ. մայիսի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ իրենց ծառայակիցների՝ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով:
Զինվորական դատախազությունը (այն ժամանակ զինդատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր) բողոքարկել է դատավճիռը՝ միջնորդելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ 2006թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել է ցմահ ազատազրկման: Սակայն 2006թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը վճիռը բեկանել է և գործն ուղարկել նոր քննության՝ պահանջելով ազատել մեղադրյալներին:
Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին նոր մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, որը հանգեցրել է մահվան, և 2008թ. մայիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նույն գործով նոր դատաքննություն է սկսել, որով վճիռը հրապարակվեց դեկտեմբերի 18-ին:
2013թ. հունվարի 11-ին սպանված երկու զինվորներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ միջնորդելով վերանայել առաջին ատյանի դատարանի վճիռը և կայացնել ճիշտ վճիռ:
Վերաքննիչ դատարան էր դիմել նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարվա ազատազրկման:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը հաստատեց, որ երեք մեղադրայլներն անմեղ են, ինչի մասին նրանք պնդում էին դատավարության ողջ ընթացքում։
Սակայն, նրա խոսքերով, այս վճռով «Մատաղիսի» գործը չպետք է փակվի. «Անմեղ մարդիկ 2 տարի և 8 ամիս կալանքի տակ են գտնվել: Մոտ ինը տարի շարունակվող դատական գործընթացը, փաստորեն, երեք երիտասարդներին և նրանց ընտանիքներին բարոյական վնասներ է պատճառել: Բացի այդ, խոշտանգումների վերաբերյալ նրանց հայտարարությունների հիմքով անկախ, ամբողջական և արդյունավետ քննություն չի իրականացվել»,- նշում է Դանիելյանը ՝ հավելելով, որ ակնկալում են, որ արդարացման վճռից հետո նոր քննություն կսկսվի և իրական մարդասպանները կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն:
