ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է
Մայիսի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է Մամուլի ազատության օրը։
ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովը, կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում, 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր։
ՄԱԿ–ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից»:
Իսկ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է.
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։
Կարևորելով անկախ և ազատ մամուլի դերը ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ Մարդու իրավունքները Հայաստանում կայքը շնորհավորում է իր բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։
