Գյումրում կենսաթոշակային համակարգի չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է

Կենսաթոշակների
նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:

Մինչդատական
վարույթում ձեռք բերված ապացույցներով՝
մեղադրանք է առաջադրվել Գյումրու տարածքային բաժնի
5 աշխատակիցներին՝ 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ
գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։

Էդուարդ Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով` առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` 4.337.835
ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, փաստաթաղթեր կեղծելու, 71.932.125
ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները և 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու համար:

Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` առանձնապես խոշոր չափերով`
71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները և 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար:

Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը 85.923.054 դրամի գույքային վնաս պատճառելու համար:

Անյա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` 5.884.397
ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար:

Անյա Խաչատրյանի մասով գործի վարույթն առանձնացվել
է
և կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու համար: Իսկ մյուս չորս մեղադրյալների
մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ընդհանուր առմամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 60 անձ, որոնցից 13-ի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ` 41 անձանց վերաբերյալ:

Ըստ հաշվարկների՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 965 039 611 ՀՀ դրամ, որից 602 474 171 դրամը` նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով:

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Արմավիրի ՍԱՊԾ տարածքային բաժնում, որի ուղղությամբ կատարվում է նախաքննություն: Մասիսի և Կոտայքի տարածքային բաժիններում, փոստային մասնաճյուղերում նշանակված մասնագիտական ստուգումներն ավարտական փուլում են:

Ծանուցում.
Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: