Ծեծի ենթարկված ակտիվիստը ներկայացրել է դեպքի մանրամասները

«Դեպքի վայրում 6 տեսախցիկ կա տեղադրված, և, ցանկության դեպքում, ոստիկանությունը
կարող է շատ արագ բացահայտել ու պարզել, թե ովքեր են եղել ծեծողները»,– ասում է ծեծի
ենթարկված ակտիվիստ Արման Ալեքսանյանը։

Սեպտեմբերի 4-ի, լույս 5-ի գիշերը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում
մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը hra.am
–ին պատմել է միջադեպի մանրամասները։



Նշենք, որ սա, ըստ Ա.Ալեքսանյանի, Քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցին աջակցող
ակտիվիստների վրա հարձակման և ֆիզիկական բռնություն կիրառելու արդեն 4-րդ դեպքն է,
սակայն ոստիկանությունը դեռևս հանդես չի եկել որևէ հայտարարությամբ, հայտնի չէ, թե
ինչ գործողություններ են ձեռնարկվել հարձակվողների հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ։

Արման, կպատմե՞ք ինչպես
եղավ միջադեպը։

Սեպտեմբերի 5-ին 00։30-ի սահմաններում քաղաքապետարանի մոտից
Գրիգոր Լուսավորիչ փողոցով բարձրանում էի դեպի Մաշտոցի պողոտա։ Մինչ այդ Քաղաքապետարանի
կողքի նստարանին նկատել էի երկու հոգու՝ տարօրինակ։ Էլի են ծեծի դեպքեր եղել, դրա համար
ուշադիր էի։ Իրենք հետևում էին ինձ...

Որ արդեն թեքվում էի դեպի Մաշտոցի պողոտա, իրենք ինձանից առաջ
անցան։ Նկատեցի, թե ոնց մտան «Արենա» բոուլինգի ավտոկանգառ։ Մտածեցի՝ արդեն խնդիր չկա,
գնացին, բայց երբ հասա «Արենայի» մուտքի մոտ, ներսից դուրս եկան մոտավորապես 15 հոգի՝
սափրած գլուխներով, դուբինկաներով, հարձակվեցին հետևից, խփեցին, ընկա, մի քանի անգամ
էլ խփեցին... Իրանցից մեկը ասեց՝ «էթում ես քաղաքապետարան, հա՞»։ Հետո ես արագ գնացի
դեպի փողոց, փողոցի վրա կանգնեցի, իրենք հետ գնացին դեպի բոուլինգի սրահի ավտոկանգառ։

Ես տաքսի կանգնացրեցի ու գնացի քաղաքապետարանի մոտ։ Էնտեղ ընկերներս
տեսան, որ հարվածներից ուռած տեղեր կա գլխիս, զանգեցին շտապ օգնություն։ Շտապ օգնության
մեքենան ինձ տարավ 3-րդ հիվանդանոց։ Դա արդեն գիշերվա 3-ի սահմաններում էր։

Հիվանդանոցում գրանցեցի՞ն
վնասվածքները։

Այո, արձանագրեցին վնասվածքները. ուղղակի սալջարդեր էին, շատ
լուրջ բան չկար։ Կենտրոն բաժնի ոստիկանները եկան հիվանդանոց, արձանագրություն կազմեցին,
հաղորդում տվեցի ու հետո եկել եմ տուն։

Իսկ դատաբժշկական փորձաքննություն
նշանակվե՞լ է։

Այո, ոստիկանությունը դատաբժշկի ուղեգիր է տվել, բայց ես դեռ
չեմ գնացել վերցնելու։

Ձեզ հետ եղել են նաև երկու
հոգի՞։

Այո, եղել են, բայց իրենք ծեծելու պահին ինձ հետ չեն եղել։

Իսկ, Ձեր կարծիքով, ովքե՞ր
են այդ հարձակվողները, ո՞վ է կանգնած նրանց հետևում։

Սկզբում ինձ թվում էր՝ թիկնապահներ են, բայց հիմա կարծում եմ
հատուկ ջոկատ է, որ զբաղվում է այս հարցով։ Իրենք ֆիզիկապես շատ լավ պատրաստված տղաներ
էին՝ ատլետիկ կառուցվածքով։ Իսկ իրենց հետևում երևի կանգնած են նրանք, ում որ վնաս
է քաղաքապետարանի մոտ կազմակերպված ցույցը, չգիտեմ՝ միայն նրանք, ում հրաժարականը պահանջո՞ւմ
ենք, թե՞՝ իրենցից վերև էլ մարդիկ կան, ում խանգարում ենք, միանշանակ չէ։

Սա արդեն որերո՞րդ դեպքն
է, որ ակտիվիստները ֆիզիկական բռնության են ենթարկվում անհայտ անձանց կողմից։

Սա արդեն 4–րդ դեպքն է։ Առաջինը եղել է օգոստոսին։ Ոստիկանությունը ոչ մի կոնկրետ հայտարարություն չի անում այս ամեն ինչի հետ կապված։
Մենք դիմում ենք, իրենք ասում են ինֆորմացիա չկա, որ նորություն լինի, կասենք, նորություն
չկա։  
Հենց իմ դեպքը 6 տեսախցիկներ են նկարել, ցանկության դեպքում
շատ հեշտ էր և շատ արագ կարելի էր պարզել, բացահայտել։