«Հարսնաքարի գործ». դատախազը 13 տարվա ազատազրկում պահանջեց

Սեպտեմբերի 10-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի և մյուս տուժողների գործով դատական նիստը:

Նիստին դատախազ Արթուր Դավթյանը հանդես եկավ մեղադրական ճառով, որով մասնավորապես պահանջեց գործով մեղադրվող բոլոր վեց ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը), 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասով, ինչպես նաև՝ 118 հոդվածով (ծեծը) և նշանակել պատիժ ընդհանուր առմամբ 13 տարվա ազատազրկում և 100 հազար դրամ տուգանք:

Տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանից պահանջեց 15 աշխատանքային օր՝ իր ճառը պատրաստելու համար։ Դատախազ Արթուր Դավթյանը առարկեց միջնորդությանը, իսկ մեղադրական կողմը չառարկեց, և նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը:

Դատական նիստի վերջում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայր Նունե Մարգարյանը փորձեց մոտենալ որդուն՝ նրան համբուրելու համար, սակայն կարգադրիչները թույլ չտվեցին։ Կնոջ ինքնազգացողությունը վատացավ, նա սկսեց բղավել: Գարիկ Մարգարյանը, ցատկելով արգելապատնեշի վրայով, մոտեցավ մորը։ Ոստիկանները և դատական կարգադրիչները ոչինչ չձեռնարկեցին Գարիկ Մարգարյանին հետ պահելու համար:
Այնուհետև կարգադրիչները կոպիտ կերպով դուրս հրավիրեցին նիստերի դահլիճում գտնվողներին։ Այդ ընթացքում ամբաստանյալներին սատարելու եկած անձինք վիրավորում էին տուժող կողմին, լրագրողներին և դատախազին:

Ավելի ուշ շտապ օգնության մեքենան ժամանեց և օգնություն ցույց տվեց Նունե Մարգարյանին:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի հունիսի 17–ին սպորտային հագուստ կրելու պատճառով առաջացած վեճի արդյունքում «Հարսնաքարի» աշխատակիցները ռեստորանի ավտոկայանատեղիում ծեծի ենթարկեցին Երևանի կայազորի հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանին: Վերջինս, 12 օր գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, հունիսի 29-ին մահացավ գիտակցության չգալով։ Նրա հետ ծեծի ենթարկվածԱրտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը ստացան միջին կարգի ծանրության մարմնական վնասվածքներ:

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել«Հարսնաքարի» վեց աշխատակիցներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին։ Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու մեջ:

Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը համաձայն չեն առաջադրված հոդվածների հետ։ Նրանց համոզմամբ՝ կատարվածը պետք է որակվի սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, առանձնակի դաժանությամբ և խուլիգանական դրդումներով (Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մաս):

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան