Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ՊՆ քննիչի գործի նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վահան Հովհաննիսյանի և փաստաբան Ազատ.Ա.–ի դեմ ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին և 38-375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ըստ նախաքննական նյութերի՝ ՊՆ քննիչ Վահան Հովհաննիսյանը 2013թ. մայիս–հունիս ամիսներին իր վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերելով ապացույցներ այն մասին, որ ՀՀ ԶՈւ սպա Ա.Ա.–ի արարքում բացակայում է հանցակազմը, քրեական գործի վարույթը չի կարճել։ Նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներով՝ նա Ա.Ա.-ին հորդորել է օգտվել իր մտերիմ փաստաբան Ազատ Ա.–ի ծառայություններից։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա.Ա.–ն փաստաբանական ծառայությունների համար փաստաբանին վճարել է 200.000 ՀՀ դրամ, որից 55.000-ը տրվել է քննիչ Վահան Հովհաննիսյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀԿԳ քննիչ Վահան Հովհաննիսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական դրդումներով չարաշահել է պաշտոնեական դիրքը` պատճառելով էական վնաս, որն արտահայտվել է Ա.Ա.-ի գործի արդարացի քննության իրավունքի խախտումով, ինչպես նաև` ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական մարմնի հեղինակազրկումով:

Փաստաբան Ազատ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-375-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելուն օժանդակելու համար, որի արդյունքում պատչառվել է էական վնաս։

Քրեական գործի նախաքննությունն ավարտած է։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: