ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության պարզաբանումը

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած հավաքի և երթի ընթացքում Ոստիկանության տարածքային մարմիններ բերման է ենթարկվել 110 անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ չնայած երթևեկության որոշակի սահմանափակումներին՝ ՀՀ ոստիկանությունը աջակցել է հավաքի Ազատության հրապարակում ժամը 13:00-ին կազմակերպված շտապ հավաքի մասնակիցներին՝ երթով դեպի ՀՀ կառավարության շենք ուղևորվելու և իրենց բաց նամակը ՀՀ կառավարությանը հանձնելու գործում:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նամակը հանձնելուց հետո ոստիկանները հավաքի մասնակիցներին հորդորել են չփակել ճանապարհները և չխոչընդոտել այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացմանը։
«Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել լիովին խուսափել հավաքի և երթի որոշ մասնակիցների կողմից հակաիրավական վարքագծի դրսևորումներից. մասնավորապես՝ հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ»,– ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
